Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ելույթ ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության առթիվ


Ամսաթիվ՝ 31/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը ելույթ է ունենում Արցախի ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության առթիվ:

Արտակ Բեգլարյանը ելույթ է ունենում Արցախի ԱԺ-ում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության առթիվ:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում կայացավ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, և 29 կողմ ու 0 դեմ ձայներով ես ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան (նիստին ներկա պատգամավորներից Հայկ Խանումյանը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը):
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը և իմ ելույթը կարելի է դիտել այս հղմամբ, սակայն երբեմն-երբեմն որոշ մանր տեխնիկական խնդիրներ են առաջանում ձայնի հետ:
Ստորև ներկայացնում եմ ելույթիս տեքստը, որը չնչին տարբերություններ ունի ձայնագրության հետ:
Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Առաջադրվելով Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում՝ ես այժմ այս բարձր ամբիոնից սիրով կներկայացնեմ ընտրվելու դեպքում իմ հիմնական անելիքներն ու մոտեցումները այդ պատասխանատու դիրքում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր իրավունքների և ազատությունների համար՝ այդ ճանապարհին բազում զրկանքներ կրելով: Պատմության այդ երթում Արցախյան շարժումն իր ուրույն տեղն ունի, քանի որ այն ծագեց և թափ առավ ըստ էության որպես մարդու իրավունքների պաշտպանության շարժում՝ ընդդեմ ժամանակի ամենամբողջատիրական համակարգի: Երեսնամյա հեռավորությունից կարող ենք փաստել, որ հայության համախմբված պայքարը պսակվեց հաջողությամբ, և մենք դարձանք մեր հայրենիքի ու ճակատագրի արժանապատիվ տերը:
Ի թիվս այլ ձեռքբերումների պետականաշինության գործընթացում, ես առանձնահատուկ նշանակություն կտայի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորմանը 2008 թվականին: Շնորհիվ առաջին և երկրորդ պաշտպաններ Յուրի Հայրապետյանի և Ռուբեն Մելիքյանի գործուն ջանքերի՝ ՄԻՊ հաստատությունը ոչ միայն ձևավորվեց, այլ նաև անցավ կայացման նշանակալի ուղի՝ շոշափելի ձեռքբերումներ արձանագրելով մարդու իրավունքների մշակույթի բարելավման, բնակչության իրավագիտակցության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, միջազգային կապերի հաստատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքների միջազգայնացման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման և մի շարք այլ հարցերում:
Ուստի, օգտագործելով այս առիթը՝ կուզեի երախտագիտությունս հայտնել նրանց սրտացավ և արդյունավետ աշխատանքի համար: Այժմ ինձ է առաջարկվել շարունակել նախորդ երկու պաշտպանների գործունեությունը, ինչը պատասխանատու և պատվաբեր առաքելություն է ինձ համար:

Եվ այսպես, ինչպե՞ս եմ պատկերացնում իմ գործունեությունը՝ Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում…
Գործունեությունս նպատակաուղղված է լինելու ավելի ու ավելի արդյունավետորեն պաշտպանել մարդու իրավունքներն Արցախի Հանրապետությունում՝ և՛ արձանագրված խախտումների վերացման, և՛ հնարավոր խախտումների կանխարգելման միջոցով: Այդ հիմնական նպատակը դրված է լինելու գործունեությանս հիմքում չորս գլխավոր ուղղություններով աշխատելիս. դրանք են՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները:
• Ներքին ուղղությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրությամբ և օրենքով վերապահված մանդատի հիմնական ուղղությունն է: Այստեղ զգալի աշխատանք է կատարվել, սակայն անընդհատ բարելավումների անհրաժեշտություն կա բոլոր հնարավոր բնագավառներում՝ երեխաների, հաշմանդամների ու այլ խոցելի խմբերի իրավունքներից մինչև մարդու իրավունքների մշակույթ և հասարակության իրավագիտակցություն: Պետության պոզիտիվ պարտականությունն է անընդհատ բարելավել Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության միջավայրը, քանի որ առանց մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության հնարավոր չէ պատկերացնել կենսունակ պետական համակարգ և երջանիկ ու արարող հասարակություն: Վերջիվերջո, մարդը պետք է հարգված և պաշտպանված զգա իր սեփական միջավայրում, որպեսզի լիարժեքորեն ու սիրով կատարի իր գրված և չգրված պարտականությունները:
• Համահայկական համապատասխան կառույցների հետ աշխատանքը կարևոր ուղղություն է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար, քանի որ այն նշանակալի ներուժ ունի և՛ Արցախում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդմանն աջակցելու, և՛ միջազգային շփումների ու ծրագրերի ապահովման հարցերում: Հատկապես վերջին տարիներին լուրջ ջանքեր են իրագործվել այդ առումով, և ես նպատակ ունեմ զարգացնել առկա հաջողությունները և իրագործել նորանոր ծրագրեր ՀՀ քաղաքացիական հասարակության և Սփյուքի կազմակերպությունների հետ համատեղ: Այստեղ չեմ կարող չնշել ՀՀ Մարդու իրավունքների հաստատության հետ ձևավորված սերտ փոխգործակցության մասին, որի շնորհիվ բազմաթիվ գաղափարներ են կյանքի կոչվել և ձեռքբերումներ արձանագրվել: Հնարավորինս անելու եմ, որ այդ հարաբերությունները բարձրացնենք արդյունավետության նոր մակարդակի, առավել ևս, որ առկա է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պատրաստակամությունն աջակցելու Արցախի գործընկերոջ աշխատանքներին: Իսկ Սփյուռքում առանձնակի սերտ համագործակցություն է ձևավորվել հատկապես Հայ դատի գրասենյակների, ինչպես նաև Հայ բարեգործական ընդհանուր միության, Թուֆենկյան հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների հետ:
• Միջազգային ուղղությունում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ուղղված է լինելու մի քանի նպատակների, մասնավորապես՝ բարձրացնել միջազգային իրազեկվածությունը Արցախի մարդու իրավունքներին առնչվող ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ, ամրապնդել առկա միջազգային կապերը և համագործակցություն հաստատել նոր կառույցների հետ, խրախուսել փոխշփումները Արցախի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների միջև, մեծացնել այդ կառույցների ծրագրային ընդգրկվածությունը Արցախում, հանրայնացնել Արցախի բնակչության իրավունքների հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները և սպառնալիքները՝ փորձելով հասնել դրանք կանխարգելող կոնկրետ քայլերի: Այս և մի շարք այլ նպատակների ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է կատարվել հատկապես վերջին տարիներին, և իմ խնդիրն է լինելու խորացնել ու ընդլայնել առկա հնարավորություններն ու հաջողությունները: Այդ ճանապարհին իմ հիմնական փաստարկը լինելու է հենց մարդու իրավունքների տրամաբանությունից բխող համընդհանրության սկզբունքը, այսինքն՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն մոլորակի ցանկացած անկյունում՝ անկախ այդ տարածքի և դրա բնակիչների քաղաքական կարգավիճակից և այլ հատկանիշներից:
• Ադրբեջանական ուղղությունը կարևոր է այնքանով, որ Արցախի բնակչության մի շարք հիմնարար իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Ադրբեջան պետությունն է: Այն ոչ միայն շարունակաբար խախտում է բազմաթիվ իրավունքներ, այլ նաև սպառնալիք է հանդիսանում մեր բնակչության կյանքի և մի շարք այլ իրավունքների հանդեպ. վկան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության քաղաքականությունը և Ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված զանգվածային խախտումները: Այս ուղղությամբ գործուն միջոցներ են ձեռնարկվել Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից, ով մի քանի զեկույցներով ներկայացրել է և՛ Ապրիլյան պատերազմի ընթացքում արձանագրված իրավախախտումները, և՛ դրանց հետ ուղղակիորեն առնչվող հայատյացության երկարամյա քաղաքականությունը: Ես նախատեսում եմ շարունակել այս ուղղությամբ իրականացված մշտադիտարկման և փաստահավաք գործունեությունը՝ արդյունքները պարբերաբար հանրայնացնելով ու միջազգայնացնելով:

Ի՞նչ միջոցներով ու գործիքակազմով եմ ծավալելու նշված ուղղություններով գործունեությունը…
Բացի բողոքների քննարկումից և իրավունքների խախտումները ուսումնասիրելու և վերացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերից, ես նախատեսում եմ օրենսդրությամբ նախատեսված և չարգելված մի շարք այլ միջոցներ ու գործիքներ կիրառել, որոնք այս կամ այն կերպ կիրառվել են նաև նախորդ երկու Պաշտպանների կողմից: Այդ շարքից կառանձնացնեի հետևյալները՝
Առաջին. Մշտադիտարկման և ըստ անհրաժեշտության հետազոտական աշխատանքներ. այս շրջանակներում նախատեսում եմ մշտադիտարկման աշխատանքներ իրականացնել և՛ լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի, և՛ այցերի միջոցով: Կարևորում եմ պարբերաբար այցերն ու դիտարկման աշխատանքները հատկապես փակ և կիսափակ կառույցներում, մասնավորապես՝ քրեակատարողական վարչությունում, հոգեթմրաբանական դիսպանսերում, տուն-ինտերնատում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, զորամասերում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հաստատություններում:
Երկրորդ. Իրավական վերլուծության և օրենսդրական առաջարկների ներկայացման աշխատանքներ. ուշադրության ներքո եմ պահելու մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված ջանքերը, որպեսզի ՄԻՊ հաստատությունն իր շարունակական և արդյունավետ մասնակցությունն ունենա այդ գործում: Ի լրումն օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի շարունակական բարելավման ջանքերի, այդ առումով կկարևորեի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից 2017թ. ստանձնած հանձնառությունը աջակցելու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման աշխատանքներին:
Երրորդ. Իրազեկման և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ. իմ պատկերացմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է մշտական քայլեր ձեռնարկի հանրության շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք կարող են ներառել լրատվամիջոցների հետ աշխատանքները, կոնկրետ խմբերի հետ հանդիպումները, դասընթացները, քննարկումները, նյութերի հրապարակումները և այլն:
Չորրորդ. Պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացմանն աջակցություն. ես պատրաստվում եմ ակտիվ գործունեություն ծավալել պետական համապատասխան մարմինների աշխատակիցների՝ մարդու իրավունքներին առնչվող կարողությունների զարգացման ուղղությամբ, ներառյալ՝ համապատասխան դասընթացների կազմակերպումը և ուղեցույցների պատրաստումը: Որպես կարևոր օղակ՝ առանձին ուշադրություն եմ դարձնելու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքի վրա՝ աջակցելով նրանց կարողությունների զարգացմանը նույնպես:
Հինգերորդ. Պաշտպանի թիմի կարողությունների շարունակական բարելավում. նշյալ և բազմաթիվ այլ աշխատանքների ծանրությունն ընկած է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսերին, և ուրախությամբ փաստում եմ, որ նախորդ երկու Պաշտպանների կողմից ձևավորվել է բավականին արհեստավարժ թիմ, որի կարողությունների անընդհատ բարելավումը կլինի իմ ուշադրության կենտրոնում:
Վեցերորդ. Աշխատակազմի աշխատանքի կառավարման մեթոդաբանության և արդյունավետության բարելավում. բացի անհրաժեշտ կարգերի հաստատումից և կիրառումից, նախատեսում եմ նաև ավարտին հասցնել Ռուբեն Մելիքյանի օրոք մեկնարկած նոր պաշտոնական կայքի մշակման և «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնման աշխատանքները: Բացի դրանից, աշխատակազմի կատարողականի բարելավման նպատակով նախնականորեն քննարկում ենք ներքին փաստաթղթաշրջանառության և վիճակագրության վարման էլեկտրոնային նորագույն համակարգ ներդնելու հնարավորությունները:
Յոթերորդ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, հայաստանյան ու սփյուռքյան կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության խորացում և ընդլայնում. արդեն նշեցի, որ այդ ուղղություններով ակտիվ քայլեր եմ կատարելու՝ ձգտելով հնարավորինս շոշափելի և չափելի ծրագրեր իրագործել մեր գործընկերների հետ:

Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում…
• Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:
• Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:
• Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:
• Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որ շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար:
• Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:
• Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և՛ վերացման, և՛ կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում:
• Հետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:
• Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և պատշաճ կերպով տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»:
• Համագործակցայնություն. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների և բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը և յուրաքանչյուր պատգամավոր:
Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միևնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի, բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում:
Միասին կերտե՛նք մեր երազած իրավունքների և ազատությունների հայրենիքը, որպեսզի հավերժ ունենանք անվտանգ, կենսունակ ու երջանիկ հասարակություն:
Շնորհակալություն:


Reddit

Պիտակներ՝ | |

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...

«Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների  իրավագիտակցության  բարձրացումը». Արցախի ՄԻՊ | Armenpress.am

06/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել ...Ավելին...

Առաջին հարցազրույցս ՄԻՊ պաշտոնում՝ առաջնահերթություններ, բարեփոխումներ, տեխնիկական խնդիրներ ևն. Արցախի հանրային հեռուստատեսություն

02/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Նոյեմբերի 2-ին հյուրընկալվել եմ Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվական» հաղորդման ուղիղ եթերին՝ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ...Ավելին...