Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հետընտրական իրադրությունը Հայաստանում. շահեր, պատճառներ, թույլ և ուժեղ օղակներ. վերլուծական


Ամսաթիվ՝ 04/03/2013 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերլուծական հոդվածս hetq.am կայքում:
ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները աննախադեպ էին այն առումով, որ ընդդիմադիր մեկ թեկնածու առաջին փուլի ընթացքում ստացել է շուրջ 37 տոկոս աջակցություն՝ փաստորեն դառնալով լուրջ գործոն թե՛ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման համար, թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքական ասպարեզում (այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ): Րաֆֆի Հովհաննիսյանի նմանատիպ արդյունքը ութ ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հավաքած շուրջ յոթ անգամ քիչ ձայների ֆոնին պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
• Ընդդիմադիր ընտրազանգվածի քիչ թե շատ համակրանքը վայելող երկու հիմնական գործիչների (Լևոն Տեր-Պետրոսյան և Գագիկ Ծառուկյան) փաստացի բացակայությամբ ընտրություններին: Այս երկու գործիչները ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցին մասնակցել ընտրություններին՝ դաշտը թողնելով ավելի քիչ ընտրազանգված ունեցող գործիչներին, ինչի արդյունքում նրանց ընտրողները, որոնք հիմնականում ընդդիմադիր հակում ունեին, ստիպված էին ընտրել գործող թեկնածուներից մեկին:
• Րաֆֆի Հովհաննիսյանի բավականին հաջող ու ժողովրդի համար ընկալելի քարոզարշավով:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ հորիզոնական լիդերի կերպարով գրավեց շատերի համակրանքը, քանի որ նրանց հետ խոսում էր որպես հավասարը հավասարի, ցույց էր տալիս, որ մտահոգ է նրանց հոգսերով, ինչպես նաև հասարակության ամենաակտիվ զանգվածների հետ կապ էր հաստատել ֆեյսբուքի միջոցով, և նրա թիմը ակտիվորեն աշխատում էր ֆեյսբուքյան քարոզչության ուղղությամբ, ինչը ապահովեց հատկապես ակտիվ երիտասարդների մի ստվար հատվածի համակրանքը:
• Սերժ Սարգսյանի թիմի որոշ մարտավարական սխալներով և քարոզարշավի ընթացքում թույլ տրված PR սայթաքումներով: Քարոզարշավի նախնական շրջանում տպավորություն էր ստեղծվում, որ իշխանությունների համար Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրելի թեկնածու է, քանի որ, նախ, ոչ վաղ անցյալում նրա կուսակցությունը թույլ արդյունքներ էր ցույց տվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մյուս կողմից Հրանտ Բագրատյանի հետ միասին ապահովում էր ընտրությունների ցանկալի մրցակցայնությունը: Ավելին, երբ Հրանտ Բագրատյանը իր թեկնածությունը դրեց և հավակնում էր կոնսոլիդացնել առնվազն ՀԱԿ-ի ընտրազանգվածը, իշխանությունների համար Րաֆֆի Հովհաննիսյանը լծակ էր նվազեցնելու Բագրատյանի արդյունքները: Այսինքն, քարոզչական միջոցներով պայքարելով հիմնականում Բագրատյանի դեմ՝ Սերժ Սարգսյանի թիմը նպաստեց Հովհաննիսյանի ուժեղանալուն՝ որպես ընդդիմադիր թեկնածու: Արդյունքում նույնիսկ Բագրատյանի պոտենցիալ ընտրողները գնացին Հովհաննիսյանի կողմը: Այսինքն, Սարգսյանի թիմը պետք է աշխատեր Րաֆֆի Հովհաննիսյանի և Բագրատյանի միջև որոշ հավասարակշռություն պահպանել՝ Հովհաննիսյանին թույլ տալով որոշ չափով առաջ անցնելու Բագրատյանից, քանի որ Բագրատյանը ավելի ռադիկալ լիդեր է, քան Հովհաննիսյանը: Քարոզարշավում կատարված մյուս սխալն էլ այն էր, որ Սարգսյանի նախնական բարձր վարկանիշը (68 տոկոս հունվարի դրությամբ) Սերժ Սարգսյանի որոշ սայթաքումների («էդպես եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում», «էկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «ինչքան ուզեք, խփենք» և այլն) պատճառով նրա վարկանիշը նվազեց 58 տոկոսի, որից շահեց ընդդիմության հիմնական թեկնածուն: Այս սայթաքումները կարող են բացատրվել Սարգսյանի և իր թիմի հանգստությամբ, որ ընդգծված մրցակից չկա, ինչպես նաև վերջին շրջանում իշխանությունները կարողացել էին բավականին բարձր լեգիտիմություն ապահովել, որը, սակայն, հիմնականում նշված սայթաքումների և ընդդիմության կողմից դրանց օգտագործման պատճառով զգալիորեն նվազեց:
Հովհաննիսյանի գործողությունների հիմքերը
Հովհաննիսյանի ներկա ռեակցիան պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
• Ընդդիմության թեկնածուի համար շատ բարձր ցուցանիշ (շուրջ 37 տոկոս): Այս ցուցանիշը քաղաքացիների՝ ընտրությունների նկատմամբ անվստահության ֆոնին թույլ է տալիս Հովհաննիսյանին վիճարկելու Սերժ Սարգսյանի վերընտրվելու հանգամանքը: Հանրահավաքային ճանապարհը ընտրելով՝ նա հույս ունի եթե ոչ հասնել իշխանափոխության, ապա գոնե արդարացնել իրեն ընտրած քաղաքացիների հույսերը՝ որպես ընդդիմադիր թեկնածու:
• Քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների ու կեղծիքների առկայությունը կամ առնվազն դրանց մասին ոչ քիչ ծանուցումները ու խոսակցությունները: Ըստ այդ խոսակցությունների և որոշ փաստերի՝ ընտրությունների ժամանակ կրկին օգտագործվել է ընտրակաշառքի լծակը, ինչպես նաև տեղի են ունեցել մի շարք այլ արտաընտրատեղամասային և ավելի քիչ ներընտրատեղամասային խախտումներ: Այդ խախտումները, որոնց հիմնական մասը ընդդիմության համար գրեթե անհնար է իրավաբանորեն ապացուցել, սակայն քաղաքացիները գիտեն կամ առնվազն հավատում են դրանց գոյությանը, թույլ են տալիս Հովհաննիսյանին վիճարկել արդյունքները և պնդել, որ ինքն է ընտրվել: Իրականում ոչ ոք չի կարող ասել, թե որքան խախտում է կատարվել և եթե նույնիսկ ձայներ են գողացվել Հովհաննիսյանից, ապա դրանք որքան են եղել: Հովհաննիսյանի այդ պնդումը ուղղակի հռետորական նպատակ է հետապնդում՝ իր շուրջը հավաքելու ընտրություններին հավատ չընծայող քաղաքացիներին:
• Ընդդիմության լիդերի դիրքի համար պայքար: Հովհաննիսյանի այս արդյունքը լուրջ հնարավորություն է նրա համար դառնալու ընդդիմության անվիճարկելի լիդերը, ինչը վերջին տարիներին բացակայում էր ՀՀ քաղաքական դաշտում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշի անկման և Գագիկ Ծառուկյանի կիսաընդդիմադիր կերպարի վերելքի ֆոնին: Երբ այդ երկու գործիչները հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, և Հովհաննիսյանն էլ կես միլիոնից ավել ձայն հավաքեց (մոտ հավասար ԲՀԿ-ի հավաքած ձայներին ու Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական ձայների կրկնակիից ավելին), դա նրա համար հնարավորություն ստեղծեց լրացնելու ընդդիմության լիդերի բաց դիրքը, ինչը, բնականաբար, անհնար է կատարել առանց զանգվածային բողոքի ակցիաների, քանի որ ընտրողների մի ստվար հատված դա է ցանկանում: Ինչևիցե, այդ դիրքին հասնելու համար Հովհաննիսյանին պետք կգան նաև ընդդիմադիր գործիչների ու կուսակցությունների ֆորմալ աջակցությունը: Հրանտ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանի, Դաշնակցության և մի շարք ոչ այդքան ազդեցիկ գործիչների ու կառույցների հայտարարությունները Հովհաննիսյանին աջակցելու մասին, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Հովհաննիսյանի շարժմանը միանալու հնարավորության չբացառման և ԲՀԿ-ի ակտիվ լռության հանգամանքները լուրջ հնարավորություն են ստեղծում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման համար:
Հովհաննիսյանի «թույլ օղակը»
Որոշ անկախ և կախյալ դետերմինանտներ ձևավորում են Հովհաննիսյանի «թույլ օղակը»: Դրանցից են՝
• Անվստահություն կամ առնվազն զգուշավորություն ընդհանրապես ընդդիմադիր թեկնածուների և այս պարագայում մասնավորապես Հովհաննիսյանի նկատմամբ: Արթուր Բաղդասարյանի և մասնակիորեն Գագիկ Ծառուկյանի դեպքերը, երբ ընդդիմադիր ընտրազանգվածը նրանցից ակնկալում էր իշխանությունների հակակշռի ձևավորում ու տեսավ կա՛մ հակառակը, կա՛մ զգուշավոր չեզոքություն, ինչպես նաև Սերժ Սարգսյանի՝ այլևայլ ընդդիմադիր գործիչների իր կողմը ձգելու մարտավարությունը ընտրողների մոտ առաջացրել են անվստահություն/զգուշավորություն նոր ծագող ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ: Ակնհայտ է, որ այդ զգուշավորությունն այլ պատճառներ էլ ունի, որոնք, սակայն, կքննարկվեն ստորև: Այդ անվստահությունը տեսանելի է ոչ միայն շարքային ընտրողների, այլ նաև որոշ ընդդիմադիր գործիչների ու կառույցների մոտ, ինչը, բնականաբար, խանգարում է ընդդիմության կոնսոլիդացմանը: Հետևաբար, եթե Հովհաննիսյանը ցանկանում է հասնել ավելի մեծ կոնսոլիդացման, ապա կարիք ունի վճռական և միանշանակ լինելու իր դիրքում:
• Հովհաննիսյանի գործողությունների աղոտություն և հակասականություն: Տպավորություն է ստեղծվում, որ Հովհաննիսյանի և իր թիմի համար 37 տոկոս արդյունքը անակնկալ էր, և նրանք պատրաստ չէին հետընտրական այսպիսի սցենարի: Դրա մասին են խոսում առաջին ժամերի հռետորաբանության փոփոխությունը, ինչպես նաև Հովհաննիսյանի որոշ հայտարարությունների և գործողությունների ընդգծված հակասականությունը: Վառ օրինակներից մեկը նրա այն հայտարարությունն է, որ ժողովուրդն առաջին անգամ հաղթել է, իսկ մեկ օր անց այդ պնդման ժխտումը: Կամ գիշերը Ազատության հրապարակում անցկացնելու հայտարարությունը և դրա չկատարումը: Արդյունքների հանկարծակիության պնդման օգտին խոսում է նաև այն հանգամանքը, որ առայսօր Հովհաննիսյանը հստակ ու պրակտիկ ելույթներով հանդես չի եկել, այլ հիմնականում աչքի է ընկել պաթետիկությամբ ու լղոզված պնդումներով: Ավելին, նա առաջին անգամ փետրվարի 24-ին հանդես եկավ պատրաստված ելույթով, ինչը հուշում է, որ գործողությունների պլան ու ռազմավարություն չկար շարժման սկզբում: Մեկ այլ թույլ մարտավարական քայլ կարող է համարվել նրա՝ Սարգսյանի հետ հանդիպումը, քանի որ բացի այն բանից, որ նա պահանջել էր, որ Սարգսյանը այցելի Ազատության հրապարակ, սակայն փոխարենը ինքը գնաց նախագահական, այլ նաև չսպասեց իր նշանակած ժամկետի ավարտին Սարգսյանի հետ բանակցելու համար: Այդ զիջումները ցույց տվեցին, որ Հովհաննիսյանը վճռական չէ իր պահանջների ու վերջնագրերի հարցում: Ավելին, երբ հանդիպումը անցկացվեց փակ ձևաչափով, դա ևս թուլացրեց Հովհաննիսյանի դիրքերը, քանի որ այդ հանգամանքը նրան անվստահությամբ վերաբերվողների համար ևս մեկ կասկածի հիմք կարող է դառնալ: Հետևաբար, Հովհաննիսյանը կարիք ունի ավելի վճռական, հետևողական ու պրակտիկ առաջնորդ լինելու, որոնք չեն հակասում նրա բարի կերպարին:
• Հովհաննիսյանի ոչ ուժեղ ճարտասանական հմտություններ: Հատկապես հետընտրական հանրահավաքների ժամանակ ակնհայտ դարձավ, որ նա, որպես բեմահարթակից ելույթ ունեցող հռետոր, չի փայլում իր հմտություններով՝ ի տարբերություն, օրինակ, Տեր-Պետրոսյանի: Սակայն նաև այդ թույլ օղակը լրացնելու նպատակով նա հաճույքով կիսում է բեմահարթակը խայտաբղետ գործիչների հետ՝ այն ևս դարձնելով հնարավորինս մատչելի և հորիզոնական: Մյուս կողմից պետք է զգույշ լինել, որպեսզի բեմահարթակի այդ հորիզոնականությունը չդառնա թուլություն, ինչպես եղավ Հախվերդյանի դեպքում՝ թույլ չտալով անկանխատեսելի վիճակում գտնվող մարդկանց ելույթ ունենալ:
Հովհաննիսյանի «ուժեղ օղակը»
Նրա ուժեղ կողմերից կարող են համարվել հետևյալ գործոնները՝
• Ընտրությունների պաշտոնական արդյունքներ: Բացի այն բանից, որ նա ընտրությունների ժամանակ ստացել է բավականին ներկայացուցչական տոկոս, մյուս ընդդիմադիր թեկնածուների ցածր տոկոսները ևս դարձան լուրջ առավելություն Հովհաննիսյանի համար, քանզի այլ մրցակից առաջնորդների բացակայությունը բարձրացնում է նրա շուրջ ընդդիմության կոնսոլիդացման հնարավորությունները: Արդյունքում արդեն մի շարք ազդեցիկ գործիչներ ու կառույցներ միացել են շարժմանը, իսկ ոմանք էլ չեն բացառել դրա հնարավորությունը:
• Հորիզոնական ու համագործակցային առաջնորդի կերպար: Մինչ այժմ ընդդիմության առաջնորդները ավելի շատ աչքի են ընկել ուղղահայաց առաջնորդի վարքով, ինչը թեև որոշ դեպքերում ապահովում էր ընդգծված խարիզման, այնուամենայնիվ, շատ դեպքերում էլ վանում էր մյուս ուժերին համագործակցելու նրանց հետ: Բացի դրանից, ներկայումս կրթված զանգվածները նախընտրում են հորիզոնական ու բաց առաջնորդների, իսկ Հովհաննիսյանի շարժման հիմնական կորիզը բաղկացած է հենց այդ ընտրազանգվածի ներկայացուցիչներից: Արդյունքում նկատում ենք, որ Հովհաննիսյանը պատրաստ է հարթակը և շարժման ղեկավարությունը կիսել նաև այլ ազդեցիկ գործիչների ու կառույցների հետ: Սա ևս մեկ դրական գործոն է, որը կարող է ապահովել ընդդիմության ջլատ ուժերի կոնսոլիդացիան:
• Քաղաքացիական շարժումների համակրանք ու դրանց բնորոշ ռազմավարություն: Վերջին տարիներին հասարակության մեջ աճել են քաղաքացիական շարժումների դերն ու կշիռը, որոնց գործունեություններում առանցքային դերակատարում ունեն նաև «Ժառանգություն» կուսակցության որոշ գործիչներ: Վերոնշյալ հանգամանքը և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական կերպարը ապահովեցին քաղաքացիական շարժումների համակրանքը նրա նկատմամբ: Այդ աջակից խմբերի ունեցած կշիռը հասարակության մեջ ներկայումս դարձել է նաև Հովհաննիսյանի սեփականությունը: Ավելին, նրա շարժման մեջ նկատվում են քաղաքացիական պայքարի ռազմավարության տարրեր, այն է՝ ցանցային պայքար, որը նորույթ է հայկական քաղաքականության մեջ: Ինչպես տեսանք վերջին օրերին, նա փորձում է շարժումը ապակենտրոնացնել Երևանից՝ տանելով նաև այլ քաղաքներ: Այս մեթոդը թույլ կտա նրան բազմակողմանի ճնշում ապահովել իշխանությունների վրա, ինչպես նաև դժվարացնել շարժման մարումը այլևայլ միջոցներով:
• Հովհաննիսյանը նոր առաջնորդ է և դեռ չի հասցրել հասարակության որոշ հատվածների մոտ հակակրանք ձևավորել: Մինչ այժմ հայկական քաղաքական դաշտը պտտվում էր երեք նախագահների եռանկյունու շուրջը, որոնց հանդեպ այս կամ այն չափով ձևավորված հակակրանք կար, իսկ ահա Հովհաննիսյանը հետընտրական փուլում դուրս բերեց հայկական քաղաքականությունը այդ եռանկյունուց և այդ երեք գործիչներից էլ հոգնած զանգվածներին կարողացավ գրավել դեպի իր կողմը, քանի որ ի տարբերություն նրանց՝ Հովհաննիսյանը հակակրանքի արժանացող անցյալ չունի:
Սարգսյանի «թույլ օղակը»
Սարգսյանի հիմնական թույլ կողմերը այս գործընթացներում հետևյալներն են՝
• Ընտրողների մոտ գոյություն ունեցող անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ անվստահությունը, անկախ օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից, ստիպում է ընտրողներին հավատ չընծայել պաշտոնական արդյունքներին՝ այն վիճարկելու զանազան ուղիներ փնտրելով: Այդ անվստահության դրսևորումներից մեկն էլ ընդդիմադիր դաշտի կամ առնվազն ոչ իշխանական երեք հիմնական խաղացողների (ՀԱԿ, ԲՀԿ, Դաշնակցություն) կողմից ընտրությունների փաստացի բոյկոտն էր:
• Ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրախախտումներ և դրանց մասին խոսակցություններ: Թեև Սերժ Սարգսյանը խոստացել էր աննախադեպ ընտրություններ անցկացնել, որտեղ խախտումներ տեղ չեն գտնի, սակայն ներընտրատեղամասային ու արտաընտրատեղամասային խախտումների մասին ծանուցումները քիչ չէին: Հատկապես ընտրակաշառքի կիրառման մասին խոսակցությունները ու փաստերը նախկինի պես ջրի երես էին դուրս գալիս: Այս ֆոնին Սարգսյանի բացասական կողմը ոչ միայն այն է, որ չի կանխել նմանատիպ խախտումները՝ անկախ դրանց աղբյուրներից, այլ նաև տեղի ունեցած խախտումների պատասխանատուներն օրենքով նախատեսված պատիժները չեն ստացել, ինչը ավելի է խորացրել ընտրողների անվստահությունն ու հիասթափությունը: Նրա կողմից պետք է բացառվեր կամ առնվազն պատժվեր հատկապես թաղային հեղինակությունների և օլիգարխների թիմերի կոպիտ միջամտությունները ընտրական գործընթացներին, քանի որ ընտրողների աչքերում դրանք խախտումների հիմնական աղբյուրներից են: Դրանով Սարգսյանը կբարձրացներ իր հեղինակությունը՝ ցույց տալով, որ այդ խախտումների նախաձեռնողը ինքը չի եղել, այլ ավելի ցածր օղակները:
• Քարոզարշավի ընթացքում կատարված մի շարք սայթաքումներ: Վերևում քննարկված այդ սայթաքումների պատճառով հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում Սարգսյանը լայնորեն քարոզվում/դիտարկվում էր որպես «ծաղրածու» և քաղաքացիներին ծաղրող նախագահ: Այս հանգամանքը ազդեց նրա վարկանիշի վրա՝ հատկապես ակտիվ քաղաքացիների մի ստվար հատվածի մոտ խորացնելով նրա հանդեպ հիասթափությունը:
Սարգսյանի «ուժեղ օղակը»
Հետևյալ գործոնները կարող են համարվել որպես Սարգսյանի ուժեղ կողմեր՝
• Տեխնիկական առումով ընտրությունների ավելի գրագետ ու հանգիստ կազմակերպում: Ինչպես վերջին խորհրդարանական ընտրությունները, նախագահականը ևս կազմակերպվել էր տեխնիկական առումով ավելի գրագետ ու հանգիստ՝ առանց ներընտրատեղամասային արտառոց և բռնությունների զանգվածային դեպքերի: Բացի դրանից, թե՛ բուն ընտրության օրը, թե՛ քարոզարշավի շրջանում ԶԼՄ-ները ունեին ազատ միջավայր լուսաբանելու ընտրական գործընթացները: Այս ամենը Սարգսյանին հնարավորություն են տալիս պնդելու, որ ընտրությունները լավ կազմակերպված էին:
• Հատկապես միջազգային դիտորդների դրական կարծիք և միջազգային շնորհավորանքներ հաղթանակի կապակցությամբ: Փաստորեն, այդ միջոցներով հատկապես Արևմուտքը ցույց տվեց, որ Սարգսյանը կատարել է իր առջև ստանձնած պարտավորությունները ընտրությունների լավ կազմակերպման առումով: Դիտորդների կարծիքների և շնորհավորանքների շնորհիվ նա ձեռք բերեց լայն արտաքին լեգիտիմություն, որը, բնականաբար, որոշ չափով ազդում է նաև ներքին լեգիտիմության վրա: Ավելին, դրանք բացառեցին միջազգային որևէ ուժի սատարումը Հովհաննիսյանի շարժմանը:
• Ընդդիմադիր կամ առնվազն ոչ իշխանական դաշտում պատրաստի խաղաքարտի առկայություն: Քանի որ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ը չէր սատարել Սարգսյանին, հետևաբար, նրա ընտրազանգվածը մնացել է օդում, որը դեռևս կարող է ֆորմալ ձևով օգտագործվել լեգիտիմության նոր պաշար ապահովելու համար: Այսինքն՝ ԲՀԿ-ը կարող է նոր կառավարությունում տեղ գտնել, որը թեև ֆորմալ առումով կբարձրացնի Սարգսյանի ներքին լեգիտիմությունը, սակայն դրա ազդեցությունը անհնար կլինի հաշվել, քանզի հայտնի չէ, թե ներկայումս ԲՀԿ-ի ընտրազանգվածի քանի տոկոսն է դեռևս սատարում նրան:
• ԶԼՄ-ների ազատություն, ճնշումների և բռնությունների բացակայություն կամ ցածր մակարդակ: Քաղաքական գործունեության համար ավելի ազատ միջավայրը նվազեցնում է ընդդիմության կողմից զանգվածների կտրուկ կոնսոլիդացման ու հեղափոխության փորձի հավանականությունը, քանի որ «ազդեցությունը ծնում է համարժեք հակազդեցություն» կանոնի տրամաբանությամբ՝ այս պարագայում զանգվածների ծայրահեղ դժգոհության համար պարարտ հող չի ստեղծվում: Այսինքն, մարդիկ ազատ են արտահայտվելու ԶԼՄ-ներով և հրապարակային միջոցառումների միջոցով և արդյունքում այլընտրանքային ու ստվերային ճանապարհներ չեն փնտրում դրա համար: Ի տարբերություն ՀՀ նախագահական գրեթե բոլոր ընտրությունների՝ ներկայումս ավելի ազատ միջավայր է ստեղծված քաղաքական գործունեության համար, ինչը իշխանությունների համար բարձրացնում է քաղաքական գործընթացների կանխատեսելիությունը: Ուշագրավ է նաև, որ ներկա իշխանությունները, լինելով համեմատաբար ճկուն և բաց քննադատության առջև, փորձառություն ունեն ինչ-ինչ միջոցներով դուրս մղել փուքսի կուտակված օդը: Այդպիսի դեպքերի ականատես եղանք որոշ քաղաքացիական շարժումների պարագայում, երբ տեղային լարումները հանդարտվում էին իշխանությունների կատարած ընդառաջ քայլերով: Այսպիսով, Սարգսյանի այդ ճկունությունը և դաշտի ավելի բաց ու ազատ լինելու հանգամանքը թույլ են տալու նրան նույնիսկ փոքր ընդառաջ քայլերով մեղմել շարժման մասնակիցների դժգոհությունները:
Զարգացումների հավանական սցենարներ
Հետագա զարգացումների համար հնարավոր են համարվում հետևյալ հիմնական սցենարները՝
1.Հեղաշրջում: Այս սցենարը թեև ամենաքիչ հավանականն է, սակայն պետք չէ անտեսել: Սա հնարավոր է միայն կոշտ ուժի կիրառման դեպքում, քանի որ իշխանությունները լեգիտիմության լուրջ ճգնաժամ չունեն և, հետևաբար, բավականին ամուր են իրենց դիրքերում: Այս տարբերակը գրեթե անհնար է համարվում հետևյալ պատճառներով՝
ՀՀ գործող ռեժիմը ավտորիտար կամ տոտալիտար չէ, և երկրում հարաբերականորեն զրկված ծայրահեղ դժգոհ խմբեր չկան, որոնք կարող են դառնալ հեղաշրջման կորիզը: ՀՀ-ում քաղաքական ազատությունները ճգնաժամային վիճակում չեն, հակառակը՝ բավականին պարարտ հող է ապահովված դրանց համար: Այսինքն, «ազդեցությունը ծնում է հակազդեցություն» կանոնով՝ հեղաշրջման համար անհրաժեշտ հակազդեցության ազդեցությունը առկա չէ:
Սարգսյանը բռնության հակված չէ՝ ելնելով և՛ մարտի 1-ի դասերից, և՛ իր համեմատաբար ճկուն բնույթից: Նրա հինգ տարիների իշխանությունը ցույց տվեց, որ նա ավելի շատ ձգտում է համագործակցության կամ այլ համեմատաբար փափուկ մեթոդների, քան բռնության կամ առճակատման: Բացի դրանից, մարտի 1-ի դասերը թույլ չեն տա նրան գնալու բռնի ճանապարհով:
Հովհաննիսյանը ևս հակված չէ բռնի ուժի և՛ իր բնույթից, և՛ հայտարարություններից ելնելով: Նա բազմիցս շեշտադրել է, որ իրենք գնալու են միայն սահմանադրական ճանապարհով, որը, ինչպես գիտենք, բացառում է հեղաշրջումը: Ընդ որում՝ նա բացահայտորեն հայտարարել է, որ մարտի 1-ը չի կարող կրկնվել, և թույլ չի տալու ոչ մի կաթիլ արյուն թափվի:
2.Ընդդիմության կոնսոլիդացում և արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում: Նոր ընտրությունների կազմակերպումը ավելի հավանական է համարվում, սակայն միայն այն պարագայում, եթե ընդդիմության բոլոր ուժերը կենտրոնանան այդ նպատակի շուրջ, որը, սակայն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նոր ընտրությունների համար: Այստեղ պետք է նշել, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի միացումը հնարավոր է, ապա ԲՀԿ-ի միացումը շարժմանը՝ գրեթե բացառվում է, որից, սակայն, կարող են դուրս գալ որոշ գործիչներ՝ Հովհաննիսյանի ճամբարին միանալու նպատակով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հովհաննիսյանի շարժման մասնակիցների ոչ կրիտիկական քանակը, ընտրությունների տեխնիկապես ոչ վատ կազմակերպված լինելը, Սարգսյանի բարձր արտաքին և ոչ ցածր ներքին լեգիտիմությունը՝ այս տարբերակը ևս քիչ հավանական է համարվում, որի իրագործման համար լրացուցիչ ֆորսմաժորային գործոնների ի հայտ գալը պարտադիր է, որոնք ի վիճակի կլինեն կտրուկ նվազեցնել Սարգսյանի արտաքին կամ ներքին լեգիտիմությունը:
3. Կոնսենսուսի ձեռքբերում Հովհաննիսյանի հետ և նրա ընդգրկում կոալիցիայում: Այս տարբերակը քիչ չէ քննարկվել հատկապես նախքան փետրվարի 18-ը, սակայն այսպիսի բարձր արդյունքների պարագայում Հովհաննիսյանը դժվար թե գնա քաղաքական գործարքի՝ կոալիցիայում որևէ դիրք (ամենայն հավանականությամբ՝ արտգործ նախարարի պորտֆել) զբաղեցնելու համար, քանի որ այդ արդյունքները բացառիկ հնարավորություն են տալիս նրան գլխավորելու ընդդիմադիր դաշտը՝ դրանից բխող երկարաժամկետ հեռանկարներով (արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, կամ ֆավորիտ լինելու հնարավորություն 2018-ի նախագահական ընտրությունների ժամանակ):
4.Ցանցային շարժման ձևավորում՝ առանց կոնկրետ մեծ արդյունքների: Այս տարբերակը կարող է տեղի ունենալ թե՛ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման, թե՛ ներկա կիսահամախմբված վիճակում: Այն ենթադրում է անընդհատ հանրահավաքներ, ցույցեր և քաղաքացիական բողոքի այլ միջոցառումներ, որոնց միջոցով մշտական ճնշում է գործադրվելու իշխանությունների վրա՝ ստիպելով գնալ բարեփոխումների ճանապարհով, իսկ Սարգսյանն էլ, հավատարիմ մնալով իր մարտավարությանը, երբեմն-երբեմն փոքր ընդառաջ քայլերով դուրս է մղելու փուքսի օդը: Սա էվոլուցիոն ճանապարհ է, և բարեփոխումների ծավալն ու որակը կախված են լինելու նաև ցանցային ընդդիմության ճնշման ուժգնությունից: Այս սցենարում գրեթե բացառվում է Լևոն Տեր-Պետրոսյանի միացումը Հովհաննիսյանի շարժմանը, քանի որ նա բնույթով ցանցային ու քաղաքացիական պայքարի առաջնորդ չէ և որպես ընդդիմադիր պայքարի միակ նպատակ՝ դիտարկում է իշխանափոխությունը, և շարժմանը կմիանա միայն այն կրիտիկական պահին, երբ իշխանության անցումը Հովհաննիսյանին գրեթե կասկած չհարուցի: Այս տարբերակը, շարժման կիսահամախմբված վիճակով, ներկա հանգամանքներում թվում է ամենահավանականը: Թե այդ պայքարը ինչ չափի բարեփոխումներ է ի վիճակի լինելու պարտադրել, ապագան ցույց կտա, սակայն որ այդպիսի պայքարը որոշ դեպքերում ձեռնտու է լինելու նաև իշխանություններին, կարծես թե միանշանակ է, քանի որ Հովհաննիսյանի նման արևմտամետ գործչին տրված 37 տոկոս քվեն թույլ է տալու ՀՀ իշխանություններին ավելի հիմնավորված կերպով խուսափել Եվրասիական Միությունից: Բացի դրանից, այդ ֆոնին Սարգսյանը դառնում է էլ ավելի ցանկալի նախագահ Մոսկվայի համար, քան, օրինակ, Քոչարյանի կամ Ծառուկյանի հավանական կշռի ֆոնին: Վերջապես, Հովհաննիսյանը, որպես ընդդիմության ընդգծված առաջնորդ, ավելի ցանկալի ընդդիմախոս է իր համագործակցային ու փափուկ դիրքորոշումներով, քան, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...