Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք» | հարցազրույց hetq.am-ին


Ամսաթիվ՝ 13/07/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս hetq.am-ին:
3 հարց ԼՂՀ վարչապետի խոսնակ, քաղաքագետ Արտակ Բեգլարյանին
-Հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի հրահրած ռազմական լարվածության վերաբերյալ մի շարք վարկածներ կան, ինչպիսիք են օրինակ, Պուտին-Թրամփ վերջին հանդիպումը կամ բուլղարական մամուլի սկանդալային բացահայտումն ադրբեջանական ավիաընկերության կողմից աշխարհի թեժ կետեր զենք փոխադրելու մասին: Ըստ Ձեզ՝ որո՞նք են Ադրբեջանի նախահարձակ գործողությունների և  դրանց հայկական պատասխանից հետո լայնածավալ հիստերիայի պատճառները:
-Վերջին լարվածությունների պատճառներն այդքան էլ նորահայտ չեն, քանի որ խորքային առումով Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը հենված է նույն պատճառների հիման վրա, որոնք նպատակ ունեն թե՛ հոգեբանական ու ռազմական ճնշում գործադրել հայկական կողմի վրա և թե՛ անընդհատ տաք պահել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեման միջազգային հարթակներում, ինչպես նաև, որ քիչ կարևոր չէ, ներադրբեջանյան այլևայլ հարցեր լուծել՝ կախված տվյալ իրավիճակից: Իհարկե, այս երկարաժամկետ կամ միջնաժամկետ պատճառներին զուգահեռ՝ լարվածության տարբեր ալիքներ պայմանավորված են լինում նաև կարճաժամկետ (իրադարձային) պատճառներով կամ առիթներով:
Վերջին լարվածության պարագայում, կարծում եմ, գործել են և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ նպատակները: Կարճաժամկետ առումով մեծ քսանյակի հանդիպումը և բուլղարական մամուլի բացահայտումը դժվար թե էական ազդեցություն գործած լինեն, ավելի շատ հակված եմ այն մտքին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պլանավորված հանդիպումը կարող էր դրդել նրանց հերթական սադրանքի: Թեև պետք է նշել, որ այսպիսի դեպքերում կարճաժամկետ պատճառները այնքան էլ կարևոր չեն, փոխարենը պետք է ուշադրություն դարձնել զինադադարի խախտումների ընդհանուր տրամաբանությանը, որը հուշում է, որ Ադրբեջանը, գտնվելով փակուղում և դիվանագիտական ճակատում չստանալով իր ակնկալած արդյունքները, ժամանակի ընթացքում իրավիճակը աստիճանաբար լարում է, ընդ որում՝ և՛ որակական, և՛ քանակական էսկալացիայի միջոցով:
Չեմ բացառում նաև, որ մեր հակառակորդ կողմի ղեկավարությունն այնքան անբարոյական է, որ նպատակային է սրել իրավիճակը բնակավայրի տարածքից, որպեսզի սեփական քաղաքացիներին  զոհաբերի և նրանց թափած արյունը շահարկի հետագա բանակցություններում և տեղեկատվական հոսքերում:
-Դատելով ադրբեջանական մամուլում և սոցցանցերում հակառակորդի տարբեր տրամաչափի գործիչների՝ զոհված երեխայի համար հայկական կողմից վրեժխնդիր լինելու ռազմաշունչ հայտարարություններից՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում առնվազն լարվածության նվազում չի լինելու:
-Նույնիսկ առանց այդ ցուցիչների կարող ենք կանխատեսել, որ առաջիկայում շոշափելի հանդարտություն չի տիրելու առաջնագծում, քանի որ ադրբեջանական երկար տարիների նույնական վարքագիծը և պետական մակարդակով քարոզվող հակահայ ատելությունը պարարտ հող են ստեղծել երկարաժամկետ լարվածության համար: Իսկ քաղաքացիական անձանց ենթադրյալ կորուստը, որը մի շարք հարցականներ ունի դեռևս, ուղղակի լրացուցիչ խթան է հակահայ տրամադրությունների բորբոքման համար:
Ի դեպ, նշածս պետական հակահայ քաղաքականության վառ վկայություններից մեկն էլ այն է, որ անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ է վրեժխնդրության մասին խոսվում: Ցավով կարելի  է հետևել ադրբեջանական հասարակության մեջ բարձրացած ատելության ալիքին, ինչն առաջին հերթին իրենց է վնասում և վնասելու:
-Հայկական կողմն անընդհատ պնդում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին ձեռք բերված համաձայնությունների կատարման առաջնահերթությունը: Սակայն Ադրբեջանն ամեն կերպ տորպեդահարում է քաղաքական գործընթացը ռազմական արկածախնդրությամբ: Որպես քաղաքագետ՝ ի՞նչ եք կարծում, ո՞րը պետք է լինի հայկական կողմի գլխավոր անելիքն Ադրբեջանին իրականության դաշտ վերադարձնելու համար. հաշվի առնենք նաև, որ միջազգային հանրությունն էլ, շեշտը դնելով հավասարակշռության սկզբունքի վրա, քաղաքական ճնշում չի գործադրում նախահարձակ կողմի վրա:
-Այս իրավիճակում մեր գլխավոր գործիքը հայկական բանակի արդյունավետության անընդհատ բարելավումն է ու դրա անվարան կիրառումը ադրբեջանական զինված ուժերի գործողությունները զսպելու և կանխարգելելու գործում: Ռացիոնալ ակտորի տրամաբանությամբ բացատրելիս մենք պետք է կտրուկ և հստակ կերպով բարձրացնենք ռազմական գործողությունների գինը Ալիևի ռեժիմի համար, որը կստիպի դրան ձեռք քաշել քաղաքակիրթ բանակցություններին ռազմական այլընտրանքներ փնտրելուց: Այսինքն՝ նրանց յուրաքանչյուր ոտնձգություն պետք է ստանա համարժեք (երբեմն անհամաչափ) պատասխան՝ ցավոտ և դիպուկ հարվածների միջոցով: Ավելին՝ կարծում եմ, որ մենք ոչ միայն անհամաչափ ուժ պետք է կիրառենք ադրբեջանական նախահարձակ ագրեսիվությունը ճնշելու համար, այլ նաև երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնելու կարիք և իրավունք ունենք:
Ի ուրախություն մեզ՝ հայկական կողմն արդեն առաջնորդվում է այդ տրամաբանությամբ: Բացի դրանից՝ առաջնագծի ամրացումը և դիտարկման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներով զինումը ևս մեզ հնարավորություն են տվել թե՛ բարձրացնելու սահմանների պաշտպանունակությունը և թե՛ ինքնուրույնաբար գրանցելու և ներկայացնելու խախտումների մանրամասները, որոնք անառարկելիորեն վստահելի աղբյուր կարող են դառնալ նաև միջազգային հանրության համար:
Ադրբեջանը, բնականաբար, խուսափում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումից, քանի որ դրանք առաջնահերթորեն ենթադրում են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, որը կտրուկ կերպով սահմանափակելու է առաջնագծի լարվածության միջոցով ճնշում գործադրելու նրա հնարավորությունները: Իսկ ահա առանց այդ մեխանիզմի՝ բանակցություններում այլ առաջընթացի ապահովում անհնար է պատկերացնել: Հետևաբար, պաշտոնական Բաքվի վարքի պատճառով բանակցային իրավիճակը փակուղային է, և զսպման միջոցներն ավելի արդյունավետորեն գործում են ռազմական բնագավառում:
Մի խոսքով, Ադրբեջանի կողմից սկսված ուժային մրցապայքարում պարտվելու իրավունք չունենք, եթե ցանկանում ենք երկարատև խաղաղություն ապահովել, ինչն անհրաժեշտ է մեր հայրենիքի կայուն զարգացման համար:
Մարինե Մարտիրոսյան


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...