Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Խորխորատների ու լարախաղացի գրականություն. ընթերցողի հայացք Խեչոյանի ժառանգությանը


Ամսաթիվ՝ 25/01/2016 Բաժին՝ Կրթություն և գիտություն, Հրապարակումներ, Մշակույթ, Ստեղծագործություններ

Խեչոյան - սև ու սպիտակՆվիրում եմ Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին:
Լևոն Խեչոյանին բացահայտեցի, ցավոք, միայն նրա մահից հետո, երբ նրա գրականության մասին տեղեկատվությունն ավելի ընդգրկուն և ազդեցիկ դարձավ լրատվական դաշտում: Նախ՝ ընթերցեցի մի քանի պատմվածք, այնուհետև՝ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը: Միանգամից սիրտս մտավ նրա յուրահատուկ ոճը՝ այլաբանություններով, խորհրդանիշներով, նրբին ակնարկներով, միշտ կիսաբաց վարագույրներով ու ստվերներով լեցուն: Չէի ասի, թե պատշաճ խորությամբ եմ պեղել Խեչոյանի ժառանգությունը, սակայն որոշակի մակարդակի հասել եմ և մեծ ցանկություն ունեմ շարունակելու բացահայտման աշխատանքներս…
Որպես ընթերցող՝ մի քանի յուրահատկություն եմ զգացել նրա ձեռագրում, որոնք կփորձեմ հակիրճ ներկայացնել ստորև՝ ամենևին հավակնություն չունենալով գրականագիտական խորքային վերլուծություն կատարելու:
1. Գոյաբանական մոտեցում: Խեչոյանը գոյաբանական տեսանկյունից է մոտենում խնդիրներին, ցույց է տալիս մարդու կյանքի և մահվան, պայքարի ու հարաբերությունների իմաստը, պատկերավոր ձևով ու երբեմն աննկատելին սահունությամբ լույս աշխարհ բերելով ներկայացնում է այն միջավայրը, որտեղ ընթանում է գոյության պայքարը:
2. Կրկնություններ: Նա հմտորեն օգտագործում է կրկնությունները՝ նմանատիպ կառուցվածքներ և նույնական նախադասություններ տեքստի տարբեր հատվածներում, որոնք թե՛ ռիթմ են հաղորդում տեքստին, թե՛ ամրապնդում են ընթերցողի մոտ տվյալ պատկերը՝ որպես ասելիքի կարևոր տարր: Օրինակ՝ «Հողի դողը» պատմվածքում երբեմն-երբեմն հիշեցնում է, որ մեկն անընդհատ Սերոբին էր փնտրում՝ դրանով մեջդ մեխելով պատերազմի հիմնական հետևանքներից մեկը և իր կորած ընկերոջը (ում հենց ինքն էր ճակատ բերել, իսկ կինն էլ երկու ամսից երեխա էր ունենալու) դարձնելով գրվածքի գլխավոր հերոսը:
Մեկ այլ՝ «Դատախազի թաղումը» պատմվածքում ևս Խեչոյանը առատորեն կիրառում է կրկնությունների զորությունը՝ գոյաբանական խորհրդանիշներով համեմված: Մասնավորապես՝ «տաք արև էր, քայլողները մրսում էին» կրկնվող հակադրությամբ նա ստիպում է ընթերցողին մտնել տվյալ պահի ցուրտ հոգեբանության մեջ, շնչել մթնոլորտն իր պաղությամբ և շոշափել զանգվածի հոգու փակուղային կապանքները: Որոշ այլ կրկնություններ էլ են ռիթմ ու ամրություն ապահովում հեղինակի հիմնական ասելիքին: Դրանցից առանձնանում են հետևյալները՝ «ուղղաթիռները կտրեցին երկինքը», «այլևս իրար լսել հնարավոր չէր», «հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը», «ասացին, որ պարետային ժամ է» և այլն:
3. Խորհրդանիշներ ու փոխաբերություններ: Առանձնակի հիացմունքի է արժանի խորհրդանիշների ու փոխաբերությունների օգտագործման ունակությունը Խեչոյանի մոտ: Ներսումդ աստիճանաբար գլուխ են բարձրացնում խորհրդանիշների կիրառման արդյունքում առաջացող հետևությունները, տպավորություններն ու կասկածները: Ակնհայտ է, որ Խեչոյանն այնքան ճկուն է օգտագործում խորհրդանիշները, որ յուրաքանչյուր ընթերցողի հսկայական ազատություն է տալիս՝ իր ձևով հասկանալու և մեկնաբանելու դրանց նշանակությունը: Բացի դրանից, ուշագրավ է՝ որքան թեթև ու մեկ շնչով են ընթերցվում խեչոյանական գոհարները, նույնքան դժվարությամբ են մարսվում այդ գոհարներում շողշողացող խորհրդանիշները՝ երբեմն ստիպելով ընթերցողին կրկին կարդալ ողջ գրվածքը կամ առնվազն տվյալ հատվածը՝ խորհրդանիշների խորխորատները ներթափանցելու և թաքստոցներից դրանց գաղտնի բանալիները հանելու համար:
«Հողի դողը» պատմվածքում հեղինակը պարբերաբար նշում է, որ հետևից ձայն էր լսում, ինչը բնորոշ է պատերազմական լարված իրավիճակին: Ընթերցողը կարող է ընկալել այդ կրկնվող փոխաբերությունը, մի կողմից՝ որպես կյանքի կանչ դեպի թիկունք, իսկ մյուս կողմից, որպես կորած ընկերոջ՝ Սերոբի կանչ, մանավանդ որ հեղինակն ինքն էր Սերոբին առաջին անգամ ռազմաճակատ բերել:
Խորհրդանիշներով ու փոխաբերություններով հարուստ է նաև «Նարինջը» պատմվածքը, որի մեջ ներկայացված է կրկին գոյության պայքարը: Աքլորը, նարինջը, առնետները, հրեշտակները, տղայի՝ եկրնքում թռչող դասընկերները, կրակի բոցի կարմիրը վրան դեգերող կոշիկը և մի շարք այլ սիմվոլներ երբեմն-երբեմն խորհրդանշում են կյանքի ու մահվան, հույսի ու թևաթափության միջև ընթացող մաքառումը՝ կատվի նուրբ ու սահուն քայլքի պես աննկատելիորեն մոտեցնելով գրվածքի հանգուցալուծումը: Խեչոյանն այնքան ճկունությամբ է կիրառում խորհրդանիշներն ու փոխաբերություններն այստեղ, որ մինչև վերջին պահը սպասում ես, որ ահա տղային փրկում են փլատակների բեռից… Սակայն, ավարտը խեչոյանական է, որը կարող է բազմիմաստ կերպով մեկնաբանվել ընթերցողների կողմից. «փլատակների տակից դուրս էր եկել վառ, կարմիր կատարով աքլորը ու թռչում էր մեր ու քաղաքի վրայով, նա հեռանում էր մեզանից…»:
4. Ակնարկներ կամ հուշումներ: Հեղինակը, խորհրդանիշների ու փոխաբերությունների կողքին, վարպետորեն է օգտագործում նաև միջանկյալ ակնարկների ուժը, որոնց տողատակերը ճիշտ ըմբռնելու համար բարձր կենտրոնացում է պահանջվում, այլապես բաց կթողնես քեզ նետված կծիկի տուտը՝ առնվազն մինչև հանգուցալուծում: Այդ ճանապարհին անընդհատ նոր խորհրդանիշներ ու ակնարկներ են առկայծում, որոնք, կարծես թե, կապ չունեն բուն թեմայի հետ, բայց ճանապարհին քիչ-քիչ հասկանում ես, թե դրանք ուր էին տանում մտքի ընթացքը:
«Նարինջը» պատմվածքում օգտագործվում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ակնարկներ՝ վերջինները գլխավորապես խորհրդանիշների ու փոխաբերությունների տեսքով: Հանգուցալուծման մասին ակնարկող ուղղակի հուշումներից է այն հատվածը, երբ անծանոթ մարդը մոտենում և ասում է. «… վախենամ` ուսուցչի տղան էլ չդիմանա, էս շենքից պրծնող եղե՞լ է»: Խորհրդանիշներով արտահայտված ակնարկներն ավելի շատ և վառ են տվյալ պատմվածքում: Մասնավորապես՝ ակնարկների մի գողտրիկ շղթա է կառուցել Խեչոյանը՝ կրակի բոցի կարմիրը վրան կոշիկի կատարմամբ, որը երեխայի մանկությունից սկսելով՝ հետընթաց քայլերով գնում հասնում է մահվան (կամ, որ նույնն է, ծննդյան կանխարգելման) պահը: Վառվող կոշիկը սկզբում մտնում է շերեփի մեջ, որը խորհրդանշում է երեխայի սնունդը, այնուհետև անցնում է կրծկալի վրայով՝ կրկին սննդի մասին ակնարկելով, սակայն ավելի վաղ տարիքում, երբ մանուկը կրծքով էր սնվում: Գուժկան կոշիկի հաջորդ հանգրվանը՝ մանկական սայլակը նույնպես խորհրդանշում է երեխայի անօգնական տարիքը, իսկ գիշերանոցն ու բարձը՝ այն միջավայրը, որում ծնողները ձևավորել էին իրենց ապագա հրաշքին: Իսկ ահա վերջին հանգրվանը՝ հակաբեղմնավորման ապահովիչների տարածքը վերջնականորեն եզրափակում է ակնարկների շղթան՝ գուժելով տղայի վրա հասնող մայրամուտը: Երկնքում թռչող մայրիկին, քույրիկին, համադասարանցիներին և հրեշտակներին շուտով միանալու՝ հոր խոստումները ևս անուղղակիորեն հուշում են կյանքի այդ պայքարի ավարտի մասին: Ավելին՝ հայրը, կարծես թե գոտեպնդելով որդուն, տեղեկացնում է, որ իրենք ապրելու են երկնքում ու երկրի վրա: Ինչու՞ երկնքում… Հեռացող աքլորը մատնանշում է պատասխանը:
Հանգուցալուծման մասին հուշող ուղղակի ակնարկների ենք հանդիպում նաև «Շաբաթ, Կիրակի» պատմվածքում: Այսպես, երբ Հարութին այլմոլորակայիններ են այցելում և հարցնում հեռավոր մոլորակում ապրելու ցանկության մասին, նա, իր սկզբունքներին հրապարակային դեմ չգնալու համար, խուսափելով զրույցին ներկա ընկերներից, անընդհատ ժամանակ է ձգում: Արդյունքում, եթե այլմոլորակայինը սկզբում ասում է, որ «նրա հետ ոչինչ էլ չի պատահի, մինչև ծերություն կապրի», ապա, Հարութի կողմից որոշ ժամանակ ձգելուց հետո, այլմոլորակայինի օգնականը նշում է, որ «համարյա մինչև միջին տարիքը կապրի»: Ավելին՝ Հարութի համառ լռությունն իրեն ուղղված հարցի պատասխանի շուրջ հանգեցնում է իր հյուրի մտափոխությանը, ով տեղեկացնում է, որ «նրան վերապահված է երիտասարդությունը, ոչինչ էլ չի պատահի»: Մոտալուտ կուլմինացիայի քամին փչում է ուշադիր ընթերցողի դեմքին, երբ Հարութը, համառելով և լուսաբացը դիմավորելով, պահանջում է այլմոլորակայինի վերադարձը, իսկ նրա օգնականը պատասխանում է, որ «Ցավոք, վաղն էլ կիրակի է, պարզ չէ` այցելություններ կկատարի՞, թե կգերադասի հանգստանալ: Եթե վերադառնա, թող Հարութը հանգամանորեն խոսի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ, ինքը չի կարծում, թե ուշ կլինի»… Այսքան ուղիղ ակնարկների վերջում ընթերցողն առերեսվում է գոյության այդ պայքարի տրամաբանական ավարտին. «Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար. տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչև վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել»:
5. Դինամիկա և լարում: Խեչոյանը այնպես է շարադրում ու փոխշաղկապում իրադարձությունները, որ, անդունդի պռունկներն իրար կապող պարանի վրայով վազող լարախաղացի պես, անընդհատ լարվածության մեջ թերթում ես տողերն ու զարգացումները, շունչդ պահած հանգուցալուծմանն ես սպասում: Օրինակ՝ «Նարինջը» պատմվածքում ընթերցողն անընդհատ սպասում է տղայի փրկությանը, որն առավել մոտալուտ է թվում հատկապես նարինջը գտնելուց հետո: Նույն դինամիկային ու լարվածությանն ականատես ենք լինում նաև «Զանգը» պատմվածքում, երբ ամբողջ գյուղը հավատ և հույս է փայփայում դպրոցի զուգարանի կտուրին ծվարած Նվարդին փրկել հեղեղից: Լարումը գեղեցիկ լուծումներով պահպանվում է մինչև վերջին պահը, երբ գետից քշված ծառն ի չիք է դարձնում գյուղացիների և ընթերցողի բոլոր հույսերը… Դինամիկայով ու լարմամբ լեցուն այս նույն ձեռագիրը հանդիպում ենք նրա բոլոր ստեղծագործություններում:
6. Հոռետեսական ավարտներ: Խեչոյանի գրեթե բոլոր գրվածքների ավարտները հոռետեսական են: Այո՛, կարող ենք պնդել, որ դա է կյանքը, հետևաբար, իրատեսական է, այնուամենայնիվ, պարտադիր չէ գրեթե բոլոր հնարավոր դեպքերը եզրափակել մահով, երբ կարելի է գրվածքներում նաև կյանքի հաղթանակն ու շարունակականությունն արտացոլել: Տպավորություն է ստեղծվում, որ Խեչոյանի համար, կարծես թե, սկզբունք է իր պատմվածքները հասցնել այն պարտադիր ավարտին, որին հասնում է մարդկային կյանքը, որպեսզի ընթերցողի մոտ հարցեր չմնան շարունակության վերաբերյալ: Մյուս կողմից, հետաքրքիր է, որ նա սովորաբար բառացի չէ ներկայացնում մահով արտահայտված ավարտները, ինչը որոշակի ազատություն է տալիս մեզ յուրովի մեկնաբանելու հանգուցալուծումը և մեղմացնում է հնարավոր հոռետեսական ազդեցությունն ընթերցողի վրա:
Նմանատիպ ավարտների ականատես ենք լինում բազմաթիվ պատմվածքներում, օրինակ՝ «Նարինջը», «Զանգը», «Շաբաթ, կիրակի», «Փոխանակում», «Կալանավորները», «Անձրև» և այլն:
Ամփոփելով՝ կարող եմ միանշանակ պնդել, որ գոնե ընթերցողիս համար Լևոն Խեչոյանը հայկական արձակի աստղաբույլի գլխավոր լուսատուներից մեկն է, ով նոր շունչ ու ձեռագիր բերեց հայոց գրականություն: Այն, որ նրան հաջողվել է կերտել համամարդկայինն ու ազգայինը համակցող ժառանգություն՝ յուրովի ներկայացնելով և լուծելով մշտնջենական բազմաթիվ հարցեր, նրան իրավունք է վերապահում համալրելու համաշխարհային գրականության բարձրագույն շարքերը: Մնում է մենք ինքներս ներսում հավուր պատշաճի ճանաչենք և արժեվորենք Խեչոյանի վաստակը՝ այն աստիճանաբար առաջ մղելով միջազգային հարթակներում, քանի որ, համոզված եմ, այսպիսի գոհարը չպետք է շողա միայն սեփական ազգի համար:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...