Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am


Ամսաթիվ՝ 26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

The English version: here.
Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց այս տարվա սեպտեմբերին։ Նախքան հրաժարականը նա ներկայացրեց հատուկ զեկույց Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով, ըստ էության, ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ սկսած փաստահավաք գործառույթ, որն ի սկզբանե կարևորել էր։

Այժմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն է մասնագիտությամբ քաղաքագետ և հանրային կառավարման մասնագետ  Արտակ Բեգլարյանը, որը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո երդվեց՝ «պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։

Արտակ Բեգլարյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին։

Panorama.am- Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունն ի՞նչ յուրահատկություններ ունի, արդյո՞ք այն մաքուր իրավական ոլորտում է, թե նաև քաղաքական՝ ելնելով  Արցախի կարգավիճակից։
Ա. Բեգլարյան- Մարդու իրավունքները հռչակագրային առումով համընդհանուր են և վերաբերում են բոլորին՝ անկախ որևէ հատկանիշից: Նույնը վերաբերում է նաև Արցախի բնակիչներին, սակայն աշխարհը դեռ չի հասել այդ համընդհանրության սկզբունքի լիարժեք իրականացմանը, և Արցախի բնակչությունը ևս իր մաշկի վրա զգում է մարդու իրավունքների փաստացի տարբերակվածությունը:
Յուրահատկությունները բխում են երեք հիմնական գործոններից, այն է՝ Արցախի չճանաչվածության հանգամանքը, Ադրբեջանի հետ հակամարտությունը և Արցախի հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը: Չճանաչվածության պատճառով Արցախը գրեթե ամբողջովին զրկված է միջազգային լավագույն փորձին հաղորդակից դառնալու հնարավորություններից: Հակամարտությամբ պայմանավորված մարդու իրավունքներին առնչվող մի շարք ոչ սովորական խնդիրներ ու առաջնահերթություններ են ի հայտ գալիս, առավել ևս, երբ Ադրբեջանը բավականին ագրեսիվ հակահայ քաղաքականություն է վարում: Իսկ ահա հասարակության արժեհամակարգն ու հոգեկերտվածքը ցանկացած հասարակության մեջ որոշակի յուրահատկությունների աղբյուրներ են, քանի որ որքան էլ մարդու իրավունքները համընդհանուր լինեն, միևնույն է՝ տեղային առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն կոնկրետ քաղաքականություն մշակելու և իրականացնելու գործում:

Ընդհանրապես, պետության մեջ որևէ ոլորտ մեկուսի չէ, և բոլոր ոլորտները փոխազդում են միմյանց: Իսկ մասնավորապես տվյալ պարագայում, այո՛, արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ, քան ճանաչված պետությունների քաղաքացիների դեպքում:
Panorama.am – Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որոնք զուտ Ձերն են կամ թելադրված են այժմյան ժամանակով։
Ա. Բեգլարյան – Նախ, կարևոր է ընդգծել, որ շարունակելու եմ նախորդ Պաշտպանների ժամանակ մեկնարկած ծրագրերը: Իսկ նոր ծրագրեր նախատեսում եմ բոլոր հնարավոր ուղղություններում: Մասնավորապես, առաջիկա ժամանակահատվածում նախատեսում եմ կատարել ուսումնասիրություններ կոնկրետ իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ և հանդես գալ իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկներով: Կարևորում եմ պարբերաբար այցերն ու մշտադիտարկման աշխատանքները հատկապես փակ և կիսափակ կառույցներում, մասնավորապես՝ քրեակատարողական վարչությունում, հոգեթմրաբանական դիսպանսերում, տուն-ինտերնատում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, զորամասերում, ինչպես նաև կրթական ու առողջապահական հաստատություններում:

Շարունակական ջանքեր եմ գործադրելու հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, և այդ նպատակով կյանքի կոչվող քայլերի ու միջոցառումների ծրագիրը մշակման փուլում է: Արդեն կոնկրետ ձեռնարկումներ կան այդ ուղղությամբ. մասնավորապես, վերջին օրերին հայտարարել ենք «Մարդու իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթ, որին կարող են մասնակցել Արցախի բոլոր դպրոցականները: Իհարկե, ծրագրեր ունեմ նաև միջազգային և հակամարտությանն առնչվող ուղղություններում՝ ձգտելով վեր հանել արցախցիների իրավունքների խախտումները և կոնկրետ միջոցներ ձեռք առնել դրանց վերացման ու կանխարգելման ուղղությամբ:

Մեկ այլ ուղղություն է Մարդու իրավունքների պաշտպանի թիմի կարողությունների և կառավարման համակարգի անընդհատ բարելավումը: Այդ առումով պայմանավորվածություն ունենք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ, որ ԱՀ ՄԻՊ աշխատակիցները պարբերաբար վերապատրաստում կանցնեն իրենց մոտ: Այդ պայմանավորվածության շրջանակներում սեպտեմբերից սկսած մեր աշխատակիցները տարբեր փուլերով երկշաբաթյա պրակտիկա են անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Նախատեսում եմ նաև ավարտին հասցնել նախորդ Պաշտպան Ռուբեն Մելիքյանիօրոք մեկնարկած նոր պաշտոնական կայքի մշակման և «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքները:

Panorama.am – Ի՞նչ «ժառանգություն» եք ստացել նախորդ Մարդու իրավունքների պաշտպանից։
Ա. Բեգլարյան- Բավականին լավ ժառանգություն եմ ստացել բոլոր առումներով: Շնորհիվ առաջին և երկրորդ պաշտպաններ Յուրի Հայրապետյանի և Ռուբեն Մելիքյանի գործուն ջանքերի՝ ՄԻՊ հաստատությունը ո չմիայն ձևավորվել է, այլ նաև անցել է կայացման նշանակալի ուղի՝ շոշափելի ձեռքբերումներ արձանագրելով մարդու իրավունքների մշակույթի բարելավման, բնակչության իրավագիտակցության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, միջազգային կապերի հաստատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքների միջազգայնացման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման և մի շարք այլ հարցերում: Հիմա իմ հերթն է ամրապնդելու և զարգացնելու առկա ձեռքբերումները, և ես վճռական եմ տրամադրված այդ հարցում:

Panorama.am – Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը եվրոպական համապատասխան կառույցներիհ ետ։
Ա. Բեգլարյան – Ես շարունակելու եմ ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ունենալ մեր միջազգային գործընկերների հետ, և փորձելու եմ ընդլայնել ու խորացնել նրանց հետ համագործակցության ծրագրերը: Այդ ուղղությամբ իմ գործունեության գլխավոր սկզբունքն ու փաստարկը լինելու է մարդու իրավունքների համընդհանրությունը՝ ներկայացնելով, որ Արցախը չպետք է զրկված լինի մարդու իրավունքների գլոբալ համակարգի մասը կազմելու հնարավորությունից իր քաղաքական կարգավիճակի պատճառով:

Նպատակ  ունեմ  տարբեր միջազգային կառույցների հետ և՛ ուղիղ կապեր հաստատել, և՛ աջակցել նրանց ու արցախյան քաղաքացիական հասարակության կառույցների միջև կապերի հաստատմանը: Յուրաքանչյուր կազմակերպության հետ շփումներում գործիքակազմը կարող է տարբեր լինել՝ ըստ իրավիճակի և տվյալ կազմակերպության առանձնահատկությունների:

Panorama.am- ԵԽԽՎ-ն վերջերս բանաձև ընդունեց չճանաչված պետություններում ներկայություն ապահովելու մասին, մասնավորապես մարդու իրավունքների հետ կապված։ Որքանո՞վ են հեռանկարային Արցախի Հանրապետության համար նման բանաձևը, ի՞նչ եք նախաձեռնելու այս առումով։
Ա. Բեգլարյան -Թեև ԵԽԽՎ տվյալ բանաձևի որոշ ձևակերպումներ այնքան էլ հաջող չէին, սակայն ուրախալի է տեսնել, որ եվրոպական կառույցները աստիճանաբար հանգում են այն մտքին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և չպետք է որևէ տարածքի քաղաքական կարգավիճակը պատճառ դառնա դրա միջազգային մեկուսացման համար: Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ ենք միջազգային կառույցների հետ համագործակցել, հետևաբար, Արցախի դռները բաց են դրանց առջև: Քանի որ խոչընդոտներն իրենց կողմից են, այդ պատճառով ավելի շատ իրենց կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն, իսկ անձամբ ես պատրաստվում եմ բոլոր հնարավոր առիթներն օգտագործել արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը բարձրաձայնելու միջազգային հարթակներում և բարենպաստ պայմաններ ստեղծելու Արցախում միջազգային կառույցների ընդգրկվածության համար:

Panorama.am – Արցախի Ազգային ժողովում ունեցած Ձեր ելույթում նշեցիք, որ նպաստելու եք Արցախի հետագա ճանաչողության բարձրացմանը և հակազդելու եք Ադրբեջանի այլատյաց և ռազմատենչ հայտարարություններին: Ինչպիսի՞գործիքներով։
Ա. Բեգլարյան – Անշուշտ, դա ամենևին հեշտ ու կարճ ճանապարհ չէ, սակայն պետք է յուրաքանչյուր կարողունակ անձ իր հնարավորությունների սահմաններում կաթիլ առ կաթիլ իր ներդրումը ունենա տվյալ գործում: Իմ գլխավոր գործիքակազմը մարդու իրավունքների ոտնահարումների ու սահմանափակությունների մասին բարձրաձայնելն է՝ փորձելով դրանք դարձնել միջազգային իրավապաշտպան համայնքի ուշադրության առարկա:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...