Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ադրբեջան Պուտինի այցի աշխարհաքաղաքական համատեքստը | հարցազրույց emedia.am-ին


Ամսաթիվ՝ 15/08/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Վերջին շրջանում պաշտոնական Կրեմլի վարած քաղաքականությունը Հայաստանում եթե ոչ վրդովմունք, ապա գոնե տարակուսանք է առաջացնում։ Ենթադրությունների ու քաղաքական կանխատեսումների շարքին ավելացավ Պուտինի գլխավորած պատվիրակության այցը Բաքու ու բավականին ընդգրկուն օրակարգը, որում անցան հանդիպումները երկու պետությունների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի գերատեսչությունների միջև։
eMedia.am-ը փորձեց քողազերծել տարածաշրջանային քաղաքական զարգացումների այս փուլն ու այդ թեմայի շուրջ զրուցեցինք Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, քաղաքագետ Արտակ Բեգլարյանի հետ:
– Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նման մերձեցումը վերջին ամիսների ընթացքում, հատկապես այն ոլորտներում, որոնցում նկատվում են շահերի բախում Հայաստանի հետ։
-Հետաքրքրական է Պուտինի այցի համատեքստը, որը, սակայն, պետք չէ կապել միայն Հայաստանի հետ: Դիտարկելու համար, թե ինչով էր պայմանավորված այդ այցը՝ առաջին հերթին պետք է նայել ստորագրված և ձեռք բերված համաձայնություններին, որոնց շրջանակը բավականին լայն էր՝ ընդգրկելով հիմնականում տնտեսական հարցեր. իհարկե, ոչ հրապարակային համաձայնությունների վերաբերյալ չենք կարող հստակ հետևություններ անել:
-Եվ ի՞նչ մակարդակներ, ըստ Ձեզ, կարելի է առանձնացնել այդ մերձեցման քաղաքական գործընթացում։
-Ռուսական պրիզմայով դիտարկելիս՝ այն մի քանի մակարդակի պատճառներ ունի: Ամենաառաջնահերթ պատճառը, բնականաբար, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակում է, ինչի մասին խոսում են տարբեր ոլորտներում կնքված համաձայնագրերը և Պուտինի ելույթի շեշտադրումները: Անտարակույս, այդ մակարդակում հիմնական մեխը էներգետիկ համագործակցության համաձայնագիրն էր, որը, լինելով երկկողմանի հարաբերությունների հարց, ոչ պակաս կարևոր է նաև Ռուսաստանի գլոբալ էներգետիկ և տարածաշրջանային ծրագրերի հարցում: Պետք չէ անտեսել նաև մյուս տնտեսական ոլորտները, որտեղ ռազմական առևտուրն իր ուրույն տեղն ունի: Ուշագրավ է, որ պատվիրակության մեջ ընդգրկված էր նաև արտերկրում ռուսական զենքի վաճառքով զբաղվող РосОборонЭкспорт պետական կորպորացիայի նախագահը: Միանշանակորեն Ադրբեջանին վաճառվող զենքը ունի իր աշխարհաքաղաքական նպատակները, սակայն կարևոր տեղ է զբաղեցնում նաև դրա տնտեսական ասպեկտը, քանի որ զենքի առևտուրը ռուսական տնտեսության առաջատար ճյուղերից է:
Երկրորդ մակարդակը տարածաշրջանայինն է, որտեղ շեշտադրվեցին հիմնականում կասպյան ավազանի և Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հարցերը: Առաջին ուղղությամբ հայտարարվեց, որ երկու երկրները աշխատելու են Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս ճակատն առնչվում է առավելապես էներգետիկ հարցերի հետ, ինչպես նաև որոշ չափով օգտագործվում է որպես լծակ առափնյա մյուս երկրների հետ հարաբերություններում: Այս տեսանկյունից հետաքրքրական ժեստ էր ռուսական հածանավերի ժամանումը Բաքու: Պուտինի այցի հայկական ճակատում, որի կարևորությունը Ռուսաստանի համար բավականին չափազանցեցվում է մեր ԶԼՄ-ների և որոշ վերլուծաբանների կողմից, Մոսկվան նպատակ ունի ադրբեջանական գործոնով և արցախյան հակամարտությունում որոշ արհեստականորեն մեծացող անորոշություններով ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների և հասարակության վրա՝ Հայաստանին հետ պահելու վերջերս նկատվող արևմտյան զգուշավոր կողմնորոշումից, որը մեծ հաշվով հակադրվում է եվրասիական պլանավորվող ինտեգրացմանը: Այս այցի որոշ բաղադրատարրեր կարելի է դիտարկել որպես Հայաստանի դեմ ուղղված նախորդ քայլերի (Սմերչի վաճառք Ադրբեջանին, գազի թանկացում) տրամաբանական շարունակություն: Օրինակ՝ այդ համատեքստում տեղավորվում են ռազմական առևտրի և համագործակցության ընդլայման փոխադարձ պատրաստականության մասին հայտարարությունները:
Երրորդ մակարդակը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն են, որտեղ ևս առանցքային տեղ է զբաղեցնում էներգակիրների հարցը: Գաղտնիք չէ, որ Եվրոպան ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգաուղիներն ու աղբյուրները՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով, և այդ ծրագրերում Ադրբեջանը վճռորոշ դերակատարում ունի: Այդ պատճառով Մոսկվան միշտ փորձել է ներկայացված լինել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում, որպեսզի ի վիճակի լինի ազդել Ադրբեջան Արևմուտք ծրագրերի վրա՝ թույլ չտալով իրենից լրիվ անկախ այլընտրանքային աղբյուրների և ուղիների գոյությունը: Բացի դրանից, այս մակարդակում ևս առկա է Հայաստանի գործոնը, քանի որ տարածաշրջանում Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը ներկայումս ամենասուրն արտահայտված է Հայաստանում, մասամբ որովհետև Վրաստանը արդեն միակողմանիորեն կողմնորոշվել է դեպի Արևմուտք, և Ռուսաստանն էլ ընկալվում է Վրաստանում ոչ թե որպես աշխարհաքաղաքական բևեռ, այլ թշնամի, և, հետևաբար, մրցակցության մեծ ամպլիտուդա չկա այնտեղ, իսկ Ադրբեջանը, ի շնորհիվ իր հիդրոկարբոնային ռեսուրսների, կարողանում է բավականին ինքնուրույն ու կոմպլիմենտար արտաքին քաղաքականություն վարել՝ հեշտորեն ներկայացնելով արտաքին խաղացողներին իր շահերը:
– Հնարավո՞ր է ականատես լինենք սպառազինության ոլորտում երկու պետությունների միջև ավելի սերտ համագործակցության ու արդյո՞ք դա կարող է վերաճել ավելի լուրջ սպառնալիքի։
– Ենթադրաբար, ոչ ուշ ապագայում կտեղեկանանք նոր խոշոր ռազմա-առևտրային գործարքների մասին, որոնք, ի թիվս այլ նպատակների, կարող են Հայաստանի դեմ ուղղված անուղղակի ճնշումներ պարունակել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ սպառնալիքները չեն կարող անցնել հայտարարություններից այն կողմ, քանի որ անկախ ՌԴ-ի՝ տարածաշրջանում ունեցած ուժեղ լծակներից նա ունի նաև շահեր, որոնք չեն ենթադրում կտրուկ փոփոխություններ։

– Պուտինը նաև հայտարարություն արեց ղարաբաղյան հակամարտության մասին, որում շեշտադրված «լուծման միջոցը» սակայն փոքր-ինչ անակնկալ ձևակերպում ստացավ՝ «քաղաքական միջոցներ» …
– Դա էլ մեկ այլ անուղղակի հաղորդագրություն էր ուղղված Հայաստանին։ Պուտինի թեև կարճ, բայց խոսուն անդրադարձը արցախյան հակամարտությանը, որտեղ նա, նշելով, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է կարգավորման գործընթացին, հավելեց, որ խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական միջոցներով: Եթե հաշվի առնենք, որ Պուտինը չի շեշտել «խաղաղ քաղաքական միջոցներով», և քաղաքական միջոցների թվին է պատկանում նաև ռազմական միջոցը, կարող ենք ընկալել այդ հայտարարությունը որպես սպառնալիք Հայաստանին, որ Ռուսաստանը կարող է առնվազն չընդդիմանալ ադրբեջանական ռազմական ագրեսիային:
– Ի՞նչ կարող է ակնկալել այս պարագայում պաշտոնական Երևանը արևմուտքից։
-Հայաստանը, չունենալով ազդեցիկ արտաքին լծակներ և ունենալով առանցքային աշխարհագրական դիրք, դարձել է տարածաշրջանի համար մղվող պայքարի հիմնական դաշտը: Հետևաբար, Պուտինի այցի միջոցով Հայաստանի վրա կատարված ճնշումը ճնշում է նաև Արևմուտքի վրա: Իսկ թե ինչով և ինչպես կպատասխանի Արևմուտքը Ռուսաստանի քայլերին, միակ տեսանելի պատասխանը խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի նախաստորագրումն է, իսկ ինչ վերաբերում է սպառազինությունների վաճառքին, ապա համոզված եմ, որ դրա առջև աչք է փակվելու, մանավանդ որ Արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը Հայաստանում դեռևս չի ընդգրկում անվտանգության հարցերը, որտեղ Մոսկվան վայելում է իր մենաշնորհը: Իսկ ահա Արցախի հիմնախնդրում, որն այս պայքարում ամենամտահոգող հարցն է մեր հասարակության համար, Արևմուտքի վարքի վճռորոշ փոփոխություն չի սպասվում, քանի դեռ Ռուսաստանը ուղղակի կերպով չի հարվածում հակամարտությունում նրա շահերին և գոնե նոմինալ կերպով պահպանում է հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:


Reddit

Պիտակներ՝ | | |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...