Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Նա, ով գողանում է զինվորի բաժինն ու պետական միջոցները դավաճան է | հարցազրույց «Հայոց աշխարհ»-ին


Ամսաթիվ՝ 08/05/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ՝ «Հայոց աշխարհ»-ում:
–Հայտնի ճշմարտություն է ՝ ուժեղ բանակին ուժեղ թիկունք է պետք. ապրիլյան քառօրյա ագրեսիայից հետո թիկունքի ամրացմումն ու տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպումը պետք է լինի առաջնային գործ: Այս ուղղությամբ ի՞նչ է անում Արցախի կառավարությունը:
-Իրոք, ուժեղ թիկունքն ուժեղ առաջնագծի երաշխիքներից է: Սակայն մեր աշխատանքին խոչընդոտեցին մի քանի գործոններ, որոնք դժվարություն ստեղծեցին թիկունքում: Նախ, դրան նպաստեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անակնկալ բնույթը: Մենք, իրոք, ամբողջովին պատրաստ չէինք նման իրավիճակին: Շատ դժվար եղավ թիկունքը պատրաստել առաջանագծում ստեղծված իրավիճակին համահունչ: Մանավանդ երբ, խնդիրներ առաջացան որոշ բնակավայրերից բնակչության տեղահանման հետ կապված ու կառավարության ուշադրությունը շեղվեց նաև նրանց սոցիալական խնդիրների կարգավորման ուղղությամբ:
Մյուս բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ տղամարդկանց զգալի մասն այսօր գտնվում է առաջնագծում: Սա, բնականաբար, վնասում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը: Հիմա մենք պետք է կարողանանք տեղին օգտագործել կանանց աշխատուժը: Թիկունքի աշխատանքների պլանավորմանը ոչ պակաս խանգարում է իրավիճակի անորոշությունը. արտակարգ իրավիճակը կձգվի շաբաթնե՞ր, թե՞ ամիսներ: Եթե երկար է ձգձգվելու, ապա կառավարությունը պետք է նորովի վերակազմակերպի երկրի տնտեսությունը և թիկունքի աշխատանքները համապատասխանեցնի իրավիճակին:
Քառօրյա պատերազմը նաև ցույց տվեց, որ մենք որոշ ուղղություններով պարտավոր ենք համապատասխան քայլեր կատարել:
Բայց այս խոչընդոտներով հանդերձ և կառավարությունն է կարողանում արդյունավետ համակարգել աշխատանքները, և՜ մեր հասարակությունն է ինքնակազմակերպվում: Այսօր Արցախի Հանրապետության վարչապետն ու փոխվարչապետը կարևորում են կամավորական աշխատանքների կարևորությունն ու համայնքների բնակիչներին հորդորում համախմբվել, օգնել մեկմեկու այգիների, բանջարանոցների մշակման հարցում, որպեսզի սահմանը պահող տղամարդկանց բացակայությունը վատ չանդրադառնա գյուղատնտեսական աշխատանքերի վրա: Հիմա ամեն ինչ պետք է անել համայնքների ողջ ներուժն օգտագործելու համար:
– Ապրիլի 2-ից մեծ քանակությամբ կամավորական ջոկատներ, քաղաքական, հասարակական անձինք մեկնեցին Արցախ, ու մեծ քանակությամբ օգնություն ուղղվեց Արցախին: Կարողացա՞վ Արցախի կառավարությունն արդյունավետ օգտագործել այդ հսկա ներուժը, որը հզոր համախմբման հետևանք էր:
-Հիմնականում այդ ներուժը ճիշտ ուղղորդվեց: Կամավորականներից շատերը Արցախ շտապեցին մեր սահմանները պաշտպանելու, առաջնագծում զինվորների կողքին կանգնելու, նրանց նեցուկ լինելու համար: Բայց ոմանք էլ օգտակար գործ արեցին հենց թիկունքում: Սակայն ոմանց ներուժի կարիքը չեղավ ու հիմա էլ չկա, բանն այն է, որ կամավորներն ավելի շատ եկան, քան առաջնագծում նման քանակի պահանջ կա: Այնուհանդերձ, շնորհակալ ենք բոլորից և շատ ուրախ ենք նման համախմբման համար:
Համախմբում եղավ նաև նյութական, ֆինանսական աջակչության հարցում: Ապրիլի 2-ից սկսած շատ խմբեր, հկ-ներ ինքնաբուխ կերպով սկսեցին նյութական աջակցություն հավաքել Արցախի համար, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մարդիկ ուղղակի չգիտեին, թե դրանք ինչպե՞ս և որտե՞ղ ուղղակեն: Արցախի կառավարությունը ստեղծեց օպերատիվ շտապ, նաև բացվեց հատուկ հաշվեհամար՝ գումարների հավաքագրումը կազմակերպելու նպատակով: Ամեն ինչ արվեց ստացվող օգնությունը հավասարաչափ բաշխելու համար: Իհարկե, եղան դեպքեր, երբ տեղահանված բնակիչների մի խումբ ավելի շատ օգնություն ստացավ, մյուս խումբը մասամբ անտեսվեց, բայց մենք հնարավորն արեցինք նման իրավիճակները բացառելու համար:
-Այնուհանդերձ, պղտոր ջրում ձկներ որսացող տականքներ էլ գտնվեցին, ովքեր իրենց թույլ տվեցին ՙՄեր Արցախին՚ գրառումներով արկղերից իրեր թռցնել:
-Ցանկացած հասարակության մեջ կան տականքներ, այդպիսիք ջրի երես են դուրս գալիս հենց արտակարգ իրավիճակներում: Ուղղակի մեր հասարակությունը պետք է համապատասխան արձագանք ու գնահատական տա նման քայլերին՝ տականքի դեմն առնելու համար:
Ինձ համար ցանկացած մարդ, ով գողանում է զինվորի բաժինը, ով գողանում է մեր պետական միջոցները տականք է ու դավաճան: Եթե որևէ մեկն անձնական նպատակների համար է օգտագործում այդ միջոցները, գողանում Արցախի ու հայ զինվորի անվան տակ եկող օգնությունը նա պետք է արժանի պատասխան ստանա:
Այդ տականքը պղտոր ջրում ձուկ որսաց թե՜ նյութական, թե՜ բարոյական, թե՜ հոգեբանական տեսանկյունից: Մարդիկ կան, որոնք ներքին տեղեկատվական դաշտում ևս <<ձուկ>> որսացին ու շարունակում են իրենց սև գործը, ես չեմ բացառում, որ այդպիսինների թիկունքում կա արտաքին միջամտություն: Անզեն աչքով իսկ նկատելի է, որ այդպիսիք զբաղված են բամբասանք տարածելով: Չի բացառվում, որ նմանատիպ ՙտեղեկատվություն՚՝ բամբասանք տարածելով, նրանք նպատակ ունեն մեր այս օրերի միասնակությունը խաթերարել:
Խնդրում ու կոչ եմ անում մեր հայրենակիցներին, զգույշ լինել նման տեղեկատվության տարածման հարցում, ինչը կարող է մեզ մոտ անվստահության մթնոլորտ ստեղծել, կարող է խաթարել մեր միասնականությունը: Օգտվելով այս հարցազրույցից, խնդրում եմ բոլորին՝ առանց փաստերի ու ապացույցների նման տեղեկատվություն չտարածել ու չհավատալ դրանց:
-Մասամբ ստեղծվել է ձեր ասած անվստահության մթնոլորտը. այսօր կան մարդիկ, որոնք չնայած ցանկություն ունեն ֆինանսապես նեցուկ լինել Արցախին, սակայն նման լուրեր լսելուց հետո հետքայլ են անում:
-Ցավոք, կան նման դեպքեր, ու դա ես նկատում եմ թե՜ մեծ, թե՜ փոքր աջակցության դեպքում: Այն ունի և՜ օբյեկտիվ, և՜ սուբյեկտիվ պատճառներ: Կան մարդիկ, որոնց մոտ դա տարիներ ինչ-ինչ դպքերից հետևանք է, բայց ոմանց մոտ էլ զուտ բանբասանքի ազդեցության հետևանք: Կոչ եմ անում, որ մարդիկ անվստահությունը գոնե օբյեկտիվ հիմքերի վրա կառուցեն ու ոչ թե հիասթափվեն և հրաժարվեն Արցախին աջակցելուց, այլ գտնեն վստահություն ներշնչող այլ օղակներ իրենց օգնությունը տեղ հասցնելու համար: Արցախի պետական մարմինները պատրաստ են նեցուկ լինել նման մարդկանց, եթե մարդը կասկածում է, ապա կարող է իր աջակցությունը տեղ հասցնել այնպես, որ ամբողջ ընթացքը գտնվի իր վերահսկողության տակ:
Արցախն այսօր ունի մեր հայրենակիցների օժանդակության կարիքը: Արցախի համար ամենից ցանկալի տարբերակը գումարի փոխանցումն է, բայց եթե որևէ մեկը չի ցանկանում գումար ուղարկել կարող է իր ձեռքով գնել այն անհրաժեշտ իրերը, որոնք մենք ներկայացնում ենք ըստ պահանջարկի ու իրենց իսկ ձեռքով ուղարկել մեզ, իսկ հետո անձամբ գալ Արցախ, կամ ուղարկել սեփական ներկայացուցչին տեղում ստուգելու՝ հասե՞լ է իր ուղարկածը հասցեատիրոջը, թե՞ ոչ:
-Երբ թխվածք, կոնֆետ ու նման մանր-մունր բաներ ուղարկվեց մեր զնվորներին, կասկածամիտների մոտ հարց առաջացավ, կարող է՞ խրամատում կանգնած մեր տղաներն այնքան վատ են սնվում, որ անգամ նման սննդի կարիք ունեն:
-Մեր զինվորը սննդի կարիք չունի: Բայց կային դիրքեր, որտեղ պատերազմի առաջին օրերին խնդիրներ ծագեցին, դրանք այն դիրքերն էին, ուր անհնար էր մեքենայով ինչ որ բան հասնել, քանի որ գտնվում էին գնդակածության տակ: Սննդային խնդիրներ ծագեցին նաև կամավորակաների սահամագիծ մեկնելու հետո, քանի որ թվաքանակ աճեց: Հրամանատարները պետք է հաշվարկը ճիշտ ներկայացնեին, բայց երբ դա փոքր ինչ ուշացավ, բնականաբար, հարցեր առաջացան: Այնուհանդերձ, այս ամենը կարճ ժամանակում լուծվեց:
Մի հանգամանք էլ կա, որ կուզենամ ասել, մեր կամավորականներից ոմանք, որ երկար ժամանակ չէին եղել սահմանին փոքր-ինչ խորթացել էին սննդի հարցում, անգամ զանգում էին իրենց տանեցիներին ու ասում՝ քաղցրավենիքը, պահածոները լիքը լցված են, հոգնեցինք, տնական ճաշ ուղարկեք: Բայց պարզ է, չէ՞, որ դիրքերում հնարավոր չէ նման սնունդ հասցնել, սովորաբար դիրքերի սնունդը լինում է հեշտ պատրաստվող ու հեշտ տեղափոխվող: Դրա համար ոմանք սննդի հարցում փոքր-ինչ նեղվեցին:
Ինչ վերաբերում է կոնֆետ, թխվածք ու նման բաներ ուղարկելուն, դրանց կարիքն ընդհանրապես չկա: Մանավանդ առաջին օրերին շատերը սրտանց ուղարկեցին նման ուտելիքներ, բայց դրանք, թող ներվի խոսքիս համար, դարձան պատուհաս, որովհետև մինչ Երևանից Ստեփանակերտ հասնելն արդեն փչացել էին:
Թերևս միակը ծխախոտն է, որի թեկուզ շատ ուղարկելը չի խանգարում, քանի որ այն ժամկետայնության խնդիր չունի և կարելի է պահեստավորել:
-Գումարների հավաքման պահից Արցախի փոխվարչապետ Ա.Աղաբեկյանը հայտարարեց, թե այն ծախսվելու է զենքի գնման, նաև ինժեներական աշխատանքների կատարման վրա: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, մանավանդ որ, ազատամարտիկներից ոմանք դժգոհեցին, թե մեր որոշ դիրքերը լավ վիճակում չեն գտնվում, որ խրամատներում պետք է երկաթբետոնե ծածկեր կառուցել: Այս հարցը հրատապ լուծում է պահանջում, քանի որ սահմանին թշնամու նոր կուտակումներ են նկատվում:
-Առաջնագծում կարող էինք ավելի լավ դիրքեր ունենալ, բայց ճիշտ չեմ համարում նման պնդումները, թե վատ դիրքեր ունենք: Ադրբեջանական ագրեսիայից հետո, իհարկե, մենք պետք է հետևություններ անենք ու հնարավորինս արագ ամրացնենք եղածը: Այս պահին կատարվում է դիրքերի ամրացման ինտենսիվ աշխատանք: Այսօր ամբողջ տեխնիկան, որքան պոտենցիալ կա, ուղղված է առաջնագծի ամրացման գործին: Նաև առաջնագծում կանգնած մեր տղաներն են խրամատներ փորում:
Ինչ վերաբերում է փոխանցված գումարն, այն դեռ չի օգտագործվել, բայց ուղղվելու է բանակի մարտունակության բարձրացմանը, իսկ դա նշանակում է և՜ զենք կգնվի, և՜ ինժեներական աշխատանքներ կկատարվեն, և՜ դիրքերի համար անհրաժեշտ տարբեր պարագաներ ձեռք կբերվեն:
ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն հակառակորդի կողմում, այո, կան կուտակումներ, վարկածներ կան, թե մայիսի 9-ին ընդառաջ նրանք կփորձեն անակնկալ մատուցել, ՙատամներ ցույց տալ՚: Ես իհարկե, չեմ հավատում, որ Ադրբեջանը կարող է գնալ լայնածավալ գործողությունների: Մենք այս պահին շատ ավելի պատրաստ ենք, շատ ավելի ուժեղ ենք, քան ապրիլի 2-ին, մեր առաջնագիծն ավելի ամրացված է, մեր զինտեխնիկան առավել պատրաստ վիճակում է, մեր զգոնությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Դրա համար եմ ասում՝ Ադրբեջանն առնվազն պետք է հիմար լինի, որ այս իրավիճակում գնա լայնածավալ գործողությունների:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Reddit

Պիտակներ՝ |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...