Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հարցազրույց «Ստեփանակերտ» շաբաթաթերթին


Ամսաթիվ՝ 30/08/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Իմ հարցազրույցը «Ստեփանակերտ» շաբաթաթերթին:
«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ» ՀՅՈՒՐՆ Է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի պահանջը վաղուց էր ծագել, քանզի զրուցել Մարդ-անհատականության հետ, ով չափազանց հզոր կամքի ուժ ունի ու անպարփակ ինտելեկտ` ուղղակի հոգու հրամայական է: Սիրով` հարցազրույցը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
-Արտակ Արտյոմի, փորձենք պեղել Ձեր մանկության մոլորակը՝ թանկ հիշողություններ կորզելու մտադրությամբ: Փոքրիկ Արտակի լուսե երազանքների մասին ներկայացրեք, խնդրեմ: Արցախ աշխարհի ո՞ր անկյունն էր Ձեզ շատ հոգեհարազատ: Ի՞նչ էիք երազում դառնալ: Ո՞րն էր Ձեր սիրած զբաղմունքը:
-Մանկությունս շաղախված է պատերազմական և հետպատերազմյան հուշերով՝ իրենց բնորոշ դրական ու բացասական դրվագների հիմքով: Շատ բան չեմ հիշում բուն պատերազմական տարիներից, սակայն որոշ ընդհանրական պատկերներ ու մասնավոր դիպվածներ խորապես տպավորվել են հիշողությանս ընդերքում: Մասնավորապես, բավականին պարզ հիշում եմ ռմբակոծության և հրետակոծության որոշ իրավիճակներ, հիշում եմ, թե ինչպես էի ցանկանում մանկապարտեզ գնալ, բայց երբ իմ տարիքը եկավ, արդեն մանկապարտեզները փակ էին: Ինչպես արցախցի բոլոր մանուկների, ինձ համար ևս մանկապարտեզը դարձան բակն ու նկուղը, իսկ խաղալիքներս՝ զենքն ու զինամթերքը: Հիշում եմ ուրախությանս չափը, երբ հայրիկս ճակատից վերադարձավ տուն և թույլ տվեց իր վերահսկողությամբ դեպի օդ կրակել ավտոմատից, կամ երբ թույլ էր տալիս իր աջակցությամբ մաքրել զենքը: Բնականաբար, հուշերիս ամենացավոտ հատվածը հայրիկի զոհվելու հետ է կապված, երբ ես՝ չորսուկես տարեկան մանուկս, երկար ժամանակ սպասում էի նրա վերադարձին՝ չգիտակցելով, որ այդ խաչաձև արկղով ճամփորդության մեկնած մարդիկ այլևս չեն վերադառնում՝ առնվազն՝ ֆիզիկապես…
Հիշողությունների մի աղբյուր էլ ընդհանուր սոցիալական դրությունն էր՝ երբեմն առանց սննդի (նույնիսկ սովորական հացի), առանց պատշաճ հագուստի և այլն: Ով պատերազմի շրջանում Արցախում էր բնակվում, կհասկանա, թե ինչու էինք եղբայրներով սև հացին ՙբուլկի հաց՚ կոչում…
Այնուամենայնիվ, այդ ամենի կողքին մանկությունս մանկություն էր՝ իրեն յուրահատուկ քաղցրությամբ և ամեն մի քարի ու թփի հետ կապված մանր, բայցև՝ ապրեցնող հուշերով: Իմ տարիքակիցները շատ լավ կհիշեն բակի մեր խաղերը՝ ՙվեք՚-ից (ճան) մինչև ՙժիկ՚ ու ՙբոմբսիկ՚ (ոչխարի մորթուն ամրացված արճիճ): Բազմաթիվ այդպիսի դրական հիշողություններ ունեմ թե՜ վաղ, և թե՜ ավելի ուշ մանկությունից, որն աստիճանաբար ողողվում էր կրթության հետ կապված դիպվածներով:
Ինչ վերաբերում է իմ մանկական երազանքներին ու ցանկություններին, ապա դրանք մեծապես կապված էին պատերազմական իրավիճակի հետ՝ մղելով ինձ դեպի զինվորի սուրբ գործը: Իսկ երբ վեց տարեկանում ականի պայթյունից կորցրեցի տեսողությունս ու այնուհետև սկսեցի որակյալ կրթություն ստանալ Երևանում գործող հատուկ դպրոցում, ավելի հասուն տարիքում հակվածությունս մշակութային էր. ձգտումներս վերաբերում էին երաժշտական ու գրական ստեղծագործական կյանքին: Իսկ ահա վաղ պատանեկության տարիքում արդեն մտածում էի քաղաքական և գիտական ուղու մասին, որի ուղղությամբ էլ վեցերորդ-յոթերորդ դասարանից ավելի ու ավելի հստակ քայլեր էի կատարում:
-Դուք news.am-ին տված հարցազրույցում պատմել եք Ձեր մանկության հրաշալի հույզերի ու հուշերի վերաբերյալ` նշելով նաև` ՙՄենք ուրախանում էինք, երբ ադրբեջանական ռմբակոծիչները գալիս էին՚: ՄԻ՞թե ուրույն խաղալիքի տեղ էիք դնում այդ արյունարբու մահասփյուռներին: Միգուցե ըմբոստ զինվորի ֆենոմենը, նաև՝ ազգային անպարտելիության ոգի՞ն էր խոսում: Պատերազմ-չարիքի վերաբերյալ Ձեր բնորոշումը, խնդրեմ:
-Իհարկե, բազմաթիվ դիտանկյուններից կարող ենք նայել պատերազմին՝ ընդհուպ մինչև դրական որոշ արդյունքներ մատնանշենք, սակայն եթե զուտ մարդկային տեսանկյունից փորձենք հասկանալ, ապա այն պայքարով լեցուն կյանքի շարունակությունն է՝ ծայրահեղ միջոցներով, որի ժամանակ նժարին կյանքեր ու ճակատագրեր են դրված: Այս տեսանկյունն ամբողջությամբ հասու չէ երեխաներին, ովքեր կյանքին և ցանկացած պայքարի նայում են խաղային չարաճճի աչքերով: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված մեր ուրախությունը, երբ տեսնում էինք թշնամու ռմբակոծիչները՝ բնականաբար, նրանց դիտարկելով որպես չարի մարմնացում և հույս փայփայելով, որ բարին կոչնչացնի այդ մահասփյուռ խաղալիքներին: Միգուցե հենց այդ հոգեբանությունն էլ օգնում է մանուկներին հաղթահարել պատերազմական շոկերը և լուսեղեն հուշեր ունենալ մոխրի մեջ հուրհրատող մանկությունից:
-Ձեր մանկական հիշողություններում Դուք ներկայացրել եք` ՙԵրբ 6 տարեկան էի` 1995 թվականին, Արցախում, ականի պայթյունից կորցրի տեսողությունս: Մայրիկս ցանկանում էր ինձ տանել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Սկզբում ընդդիմացա, որովհետև չէի ուզում հեռու լինել իմ ընտանիքից: Ես 6 տարեկան էի… Այնուհանդերձ, մայրիկս վերջապես համոզեց՝ ասելով, որ դպրոցում շատ բան կսովորեմ` կարդալ, նվագել, հյուսնություն և այլն: Ոգևորվեցի և ասացի. ՙԵս կհաճախեմ այդ դպրոցը, կսովորեմ հյուսնություն և կգամ վերանորոգելու մեր ջարդված բազմոցն ու զգեստապահարանը՚՚: Հանգամանորեն ներկայացրեք, խնդրեմ, այդ տարիների Ձեր ուսումնառության վերաբերյալ: Ի՞նչն էր Ձեզ առանձնապես հրապուրում: Այնուամենայնիվ, հետագայում վերանորոգեցի՞ք Ձեր տան ջարդված բազմոցն ու զգեստապահարանը:
-Ուսումնառությունս այդ դպրոցում հիմնարար ազդեցություն է ունեցել իմ զարգացման վրա, քանի որ այնտեղ ստացել եմ ոչ միայն հանրակրթական, այլ նաև՝ մշակութային, գեղագիտական ու ազգային կրթություն ու դաստիարակություն: Բացի նշված ուղղություններից, ակտիվորեն հաճախում էի շախմատի դասերի, պարբերաբար ծանոթանում էի հայ և օտար գրականության գոհարներին և դրսևորեցի մի շարք այլ ակտիվություններ, որոնք վճռորոշ նշանակություն ունեն անձի ընդհանուր զարգացվածության համար: Կարևոր հանգամանք էր նաև ընտանիքից հեռու ապրելը, որն ինձ ավելի ինքնուրույն ու անկախ դարձրեց, սովորեցրեց սեփական ուժերին ապավինել խոչընդոտների հաղթահարման ճանապարհին:
Թեև կրթությունը ստանում էի չտեսնողների համար ստեղծված բռայլյան համակարգով, սակայն հատուկ գրականության պակասի պատճառով երբեմն կողքի աջակցության կարիք էր լինում դասերին պատրաստվելու և գեղարվեստական գրքեր կարդալու հարցում: Այնուամենայնիվ, անկախ բոլոր խնդիրներից՝ դպրոցում շատերը բարձր ձգտում ունեին լավ կրթություն ստանալու և պատրաստ էին դրա համար լրացուցիչ ջանքեր թափել, ինչը հետագայում կապահովեր նրանց կայացումը` որպես որակյալ մասնագետներ ու լավ քաղաքացիներ:
Այնտեղ այնպիսի կրթություն ստացա, որ կարողացա պատմության օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող ճանաչվել, ինչպես նաև հաղթել հազարավոր պատանիների շրջանում կազմակերպված՝ ՙՄենք գիտենք, որ դու գիտես՚ ինտելեկտուալ մրցույթում: Այս և մի շարք այլ մրցույթներում ու փառատոններում իմ ու ընկերներիս գրանցած հաջողությունները արտացոլում էին դպրոցի կրթության որակը:
Անկեղծ ասած, ես այդպես էլ խորությամբ չսովորեցի հյուսնություն, քանի որ այդ խմբակն աստիճանաբար վերացավ դպրոցում. ավելին՝ առ այսօր մեր տանը դրված է այդ պահարանը՝ վերանորոգված եղբայրներիս կողմից: Սակայն ես դպրոցական և համալսարանական տարիներին այնքան բան սովորեցի, որոնք այսօր փորձում եմ ի սպաս դնել հայրենիքիս կամ առնվազն իմ շրջապատի ջարդած մասերը վերանորոգելու կամ նոր բան ստեղծելու գործին: Փաստորեն, ես ճիշտ ուղղությամբ էի մտածում դպրոց գնալիս, սակայն մասշտաբներն էի փոքր պատկերացնում…
-Այնուհետև, Ձեր կրթությունը շարունակեցիք Հայաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ բարձրակարգ համալսարաններում: Ի՞նչ մասնագիտությամբ էիք կատարելագործվում: Մանրամասնեք, խնդրեմ, այդ համալսարանների վերաբերյալ: Ի՞նչ տվեցին Ձեզ ուսումնառության այդ տարիները` աշխարհաճանաչողության, ինքնահաստատման, նաև` հոգեկերտման առումով: Ձեր կարծիքով, ի՞նչ ասել է կամքով հզոր մարդ:
-Ժողովուրդն արդարացիրոեն ասում է, որ ՙջրհորի գորտը չի կարող ծովի մասին պատկերացում ունենալ՚: Կարծում եմ՝ մի քանի երկրներում ստացած կրթությանս կարևոր գործառույթներից մեկը հենց աշխարհը ճանաչելն ու մտահորիզոնը լայնացնելն էր: Կարծես թե, դա որոշ չափով հաջողվել է ինձ, որը փորձում եմ կիրառության մեջ դնել ջարդած բազմոցներն ու պահարանները վերանորոգելու գործընթացում: Իհարկե, իմ հոգեկերտվածքը հայկական է, ես կրում եմ Արցախի հասարակության հիմնական արժեհամակարգը, բայց, մյուս կողմից, մշտապես փորձում եմ կիրառել նաև արտերկրներում ձեռք բերած գիտելիքներս ու հմտություններս՝ համադրելով դրանք տեղական արժեքների ու մոտեցումների հետ:
Մասնագիտական առումով, բազմազան կրթություն եմ ստացել: Մասնավորապես, Հայաստանում` քաղաքագիտություն և կոնֆլիկտաբանություն, Հունաստանում՝ բիզնես կառավարում, Մեծ Բրիտանիայում՝ կրկին քաղաքագիտություն, իսկ ԱՄՆ-ում՝ հանրային կառավարում: Ընդ որում՝ վերջին երկու համալսարանները պատկանում են աշխարհի ամենաբարձր վարկանիշով կրթօջախների շարքին: Բարձր կգնահատեի այդ համալսարաններում ստացած կրթությունս, քանի որ բարենպաստ հրաշալի միջավայր էր ստեղծված, դասախոսները բարձրակարգ մասնագետներ էին, ովքեր ուսուցանում էին խորքային տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, ովքեր սովորեցնում էին մտածելու, վերլուծելու, հետազոտելու և կիրառելու մեթոդներ, որոնք կհամարեի նրանց արդյունավետության գլխավոր գրավականը:
Դժվար է մեկ ընդհանրական սահմանում տալ, թե ով է կամքով հզոր մարդը, քանի որ դա երբեմն կախված է իրավիճակից: Ամեն դեպքում, երևի այսպես կարող ենք ձևակերպել. կամքով հզոր մարդը նա է, ով հստակորեն գիտի, թե ուր է գնում և անկախ այդ նպատակի ճանապարհին առկա արգելքներից՝ հասնում է իր դրած վերջնագծին:
-Դուք այսօր ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակն եք: Ի՞նչն եք կարևորում այդ պատասխանատու աշխատանքում:
-Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի աշխատանքում կկարևորեի ՙկամուրջի՚ գործառույթը, որը նշանակում է, որ պարտավոր եմ ապահովել վարչապետ-հասարակություն-վարչապետ երկկողմանի կապը, այսինքն՝ մի կողմից՝ կառավարության ղեկավարի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, մյուս կողմից՝ հասարակության հետադարձ կապը նրա հետ: Սա այնքանով պատասխանատու աշխատանք է, որ պետք է երաշխավորեմ, որպեսզի հանկարծ անդունդ չառաջանա իշխանությունների և քաղաքացիների կողմից իրականության ընկալումների միջև:
-Դուք կառավարության լրահոսը մատուցում եք լեզվի բարձր մշակույթով: Ի՞նչ է հայոց լեզուն Ձեզ համար:
-Շնորհակալ եմ Ձեր գնահատականի համար: Չգիտեմ, թե որքանով է հաջողվում, սակայն փորձում եմ հնարավորինս բարձրորակ լրատվություն ապահովել, ինչը թե՜ իմ և թե՜ ընդհանուր կառավարության պատվի ու հեղինակության հարցն է:
Հայոց լեզուն մեր դարավոր ազգային մշակույթի ու արժեհամակարգի համապարփակ կենդանի շտեմարանն ու հայելին է:
-Դուք անօրինակ հերոսությամբ նվաճել եք աներևակայելի բարձունքներ ու ՀՀ, Արցախի դրոշները հաղթականորեն ծածանել նախ` Արարատ, ապա` Արագած լեռների գագաթներին: Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ իրականացնել այդ դժվարին ու վտանգավոր առաքելությունը:
-Իրականում անհաղթահարելի բարձունք չկա, եթե դրա համար անհրաժեշտ կամք ու ջանք կա մարդու մոտ: Ես մտադրվել էի հասնել բիբլիական Արարատի գագաթը և ծածանել այնտեղ մեր դրոշները, այդ պատճառով էլ կարողացա իրագործել ցանկությունս: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք կարող է նույնը կատարել:
-Ո՞րն է Ձեր կյանքի կարևորագույն սկզբունքը: Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
-Դժվար է կոնկրետ մեկ սկզբունք առանձնացնել, քանի որ կյանքն այնքան համընդգրկուն է, որ մեկ սկզբունքն ի վիճակի չէ կենսագործունեության բոլոր հիմնական ուղղություններին վերաբերել: Ամեն դեպքում, ինձ համար կարևոր սկզբունքներից մեկը հետևյալն է. ՙդիմացինիդ արա այն, ինչ կուզեիր քո հանդեպ անեին՚: Սա ինձ թույլ է տալիս մարդ լինել մարդկանց հանդեպ, իսկ թե որքանով է հաջողվում, Աստված գիտի…
-Դուք մի առիթով արժևորել եք և կարծես թե համակարծիք եք Ժան Ժակ Ռուսոյի ուրույն գնահատականին` մարդու էության վերաբերյալ. ՙՄարդը նման է կոտորակի. համարիչում այն է, ինչ նա իրականում կա, իսկ հայտարարում` այն, ինչ նա մտածում է իր մասին. որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը՚…: Ինչու՞ եք այդպես կարծում: ՈՒնե՞ք, արդյոք, մարդ-անհատի բնորոշման Ձե՜ր տարբերակը:
-Կիսում եմ Ժան Ժակ Ռուսոյի այդ պնդումը, քանի որ կարծում եմ, որ համեստությունն այն արժանիքներից է, որը հնարավորություն է տալիս և՜ ճանաչել իրականությունը, և՜ աճել դեպի արդյունավետության նոր մակարդակ: Ուղղակի, մյուս կողմից, այն չպետք է լինի ո՜չ արհեստական, ո՜չ էլ թերարժեքության բարդույթով պայմանավորված:
Իհարկե, քիչ չեմ մտածել մարդու բնորոշման մասին՝ դիտարկելով նրան այս կամ այն պրիզմայով: Սակայն, կարծում եմ, ես այնքան կյանքի փորձ ու վաստակ չունեմ, որպեսզի մարդ-անհատի բնորոշման իմ տարբերակը ձևակերպեմ՝ այն դնելով Ռուսոյի բնորոշման կողքին:
-Մենք տեղեկացված ենք, որ Դուք բազում հոբբիներ ունեք: Մանրամասնեք այդ վերաբերյալ, խնդրեմ:
-Իմ հոբբիները որոշակի փոփոխություններ են կրել տարիքի հետ: Օրինակ՝ ժամանակին բավականին ակտիվորեն զբաղվում էի շախմատով, իսկ հիմա այն պասիվ ռեժիմում է գտնվում: Պատանեկության տարիքում թառ ու դաշնամուր էի նվագում, այժմ, ցավոք, թողել եմ դրանք: Ներկայումս ավելի շատ զբաղվում եմ ազգային պարով, երգում եմ, ժամանակ առ ժամանակ ստեղծագործում ու ասմունքում, ինչպես նաև սիրողական մակարդակում հետաքրքրվում լուսանկարչությամբ: Հիմնական հոբբիներս այս պահին սրանք են՝ չհաշված ընթերցանությունը, որը բոլոր ժամանակներում մնացել է որպես առաջնահերթություն:
-Մի քանի խոսք` Ձեր հետագա ծրագրերի մասին:
-Հետագա ծրագրերիս մի մասը բացահայտման ենթակա է, մի մասը՝ դեռևս ոչ… Ամեն դեպքում հիմնական ծրագիրը թեկնածուական ատենախոսությունս ավարտելն ու պաշտպանելն է: Բացի դրանից, ընթացքում նախատեսում եմ վերապատրաստման որոշ կարճաժամկետ ծրագրերի մասնակցել, որոնց միջոցով նպատակ ունեմ զարգացնելու իմ մասնագիտական ու աշխատանքային հմտությունները՝ հետագայում ավելի արդյունավետորեն աշխատելու նպատակով: Որոշ ծրագրեր ունեմ նաև հասարակական դաշտում, որտեղ փորձելու եմ կիրառական, երկարաժամկետ ու մնայուն ծրագրեր իրագործել:
Հարցազրույցը վարեց
ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Reddit

Պիտակներ՝ |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...