Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կույր երիտասարդը հաղթում է ճակատագրին | 1in.am


Ամսաթիվ՝ 21/01/2013 Բաժին՝ Կրթություն և գիտություն, Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը:
  – Արտակ, մեկնում եք ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, մինչդեռ երկու տարի առաջ ԱԳՆ-ն մերժեց Ձեզ դիվանագիտական դպրոցում ուսում ստանալ` կույր լինելու պատճառով: Կարո՞ղ ենք ասել՝ սա պատասխան էր ԱԳՆ-ին:
 – Անկեղծ ասած, ԱԳՆ դիվանագիտական դպրոցի դեպքը հատուկ դեպք չեմ դիտարկում և ոչ էլ Ֆլետչերի դպրոց ընդունվելը դրա պատասխան, այլ ընդհանրապես իմ հաջողությունները՝ Հունաստանում, Լոնդոնում սովորելը, ԱՀ վարչապետի օգնական նշանակվելը, հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվելը պատասխաններ են այն մտածելակերպին, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ շատ քիչ բան կարող են անել: Այնինչ սահմանափակ հնարավորությունը վերաբերում է միայն ֆիզիկական մի ասպեկտին՝ ոտք, աչք կամ մեկ այլ օրգան. իմ պարագայում աչքին է վերաբերում, մնացած ոչնչին չի վերաբերում, ընդ որում՝ որոշ դեպքերում ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները ծնում են ավելի մեծ հնարավորություններ՝ և՚ ֆիզիկական, և՚ հոգևոր: Եվ ես երբեք չեմ մտածել, թե քանի որ ԱԳՆ-ում ինձ չեն ընդունել, այդ պատճառով էլ պետք է գնամ Լոնդոնի համալսարանական քոլեջ կամ Ֆլետչեր սովորելու. դա ինձ համար շատ փոքր խնդիր և խթան կարող է լինել:
 – Այս առումով օրենքի անկատարությո՞ւնն է հիմնական պատճառը, թե՞ մտածելակերպի խնդիր է:
 – ՀՀ-ում օրենքը հաշմանդամների իրավունքները հիմնականում պաշտպանում է, պարզապես ավելի շատ օրենքի կիրարկման խնդիր կա: 2010-ի հոկտեմբերին Հայաստանը ընդունել է միջազգային այնպիսի փաստաթղթեր, որոնցով պարտավորվում է հաշմանդամների համար հավասար պայմաններ ստեղծել, այդ թվում՝ կրթական հաստատություններում: Ցանկացած համալսարան չտեսնողի համար պարտավոր է ապահովել համապատասխան հասանելիության գրքեր, գրականություն՝ էլեկտրոնային կամ բրալյան տարբերակով, բայց անգամ ԵՊՀ-ում, որտեղ ես սովորել եմ, համապատասխան գրականություն չկար: Այսինքն՝ այստեղ ավելի շատ օրենքի կիրառման խնդիր կա: Խնդիր կա նաև ֆինանսական ռեսուրսների առումով, մենք ավելի մեծ պարտավորություններ ենք մեզ վրա վերցնում, բայց ավելի քիչ ռեսուրս ունենք: Պետք է նկատել, որ այդ և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ ես ԵՊՀ-ում ուսանելու տարիներին երբեք պահանջներ չեմ ներկայացրել համալսարանի պաշտոնյաներին ինձ համար այնպիսի պայմաններ ապահովելու, որոնք լրացուցիչ ծախսեր են պահանջում: Օրինակ՝ երբ դասախոսը գիրքը տպագիր տարբերակով էր տալիս, ես կարող էի պնդել, որ ինձ էլեկտրոնային տարբերակը տրամադրեն, սակայն դրա փոխարեն իմ ջանքերի և ժամանակի հաշվին լուսապատճենում էի գիրքը և համակարգչով կարդում այն: Այսինքն՝ մենք պետք է պահանջենք այնքան, որքան ներկա պահին հնարավոր է ապահովել, ոչ թե որքան սահմանված է դեկլարատիվ փաստաթղթերում:
 – Վեց ամիս հետո կվերադառնաք արդեն նոր՝ հանրային կառավարման մասնագիտություն ձեռք բերած, շարունակելու եք նո՞ւյն գործունեությունը:
 – Իմ ներուժը առավելագույնը փորձելու եմ օգտագործել թե՚ որպես քաղաքացի, թե՚ որպես պետական աշխատող: Որպես քաղաքացի՝ ես իմ մեջ ներուժ տեսնում եմ, ունեմ կատարած աշխատանքներ: Այդ առումով ոչ մի խոչընդոտ ինձ չի խանգարելու ակտիվ քաղաքացի լինել, իմ դիրքորոշումները հայտնել, ցանկալի փոփոխություններ նախաձեռնել: Ընդհանուր առմամբ մասնագիտությունս քաղաքագիտությունն է և միջազգային հարաբերությունները, իսկ Ֆլետչերում սովորելու եմ հանրային կառավարում և հանրային քաղաքականություն, ինչն ինձ թույլ կտա ավելի լայնացնել մասնագիտական պրոֆիլս  և վերադառնալուց հետո իմ ներդրումն ունենալ Արցախի Հանրապետության պետական համակարգի աշխատանքի բարելավման գործում:
 – Արտակ, ըստ Ձեզ, քաղաքացիական գիտակցություն ի՞նչ չափով կա Հայաստանում:
 – Երևանում քաղաքացիական գիտակցությունը բավականին լայն հատվածի մոտ կա, այստեղ փորձում են պայքարել իրենց իրավունքների պաշտպանման, ազգային-մշակութային  արժեքների պահպանման և զարգացման համար: Այդ խնդիրը ավելի ցցուն է ՀՀ մարզերում, նաև՝ Արցախում: Արցախում քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանց խիստ պակաս կա: Քաղաքացիական ընդհանուր հոգեկերտվածքը, մտածելակերպը բավականին թույլ են, մարդիկ չեն հետաքրքրվում իրենց ավելի լայն խնդիրներով, միայն նեղ կենցաղային խնդիրների վրա են կենտրոնացնում իրենց ուշադրությունը, նրանք չեն մտածում, որ պետք է համատեղ պայքարեն՝ ինչ-որ բանի հասնելու համար: Մարդիկ չեն մտածում, որ շատ դեպքերում պարտավորություններն իշխանությունների ձեռքերում չեն, նաև իրենց ձեռքերում են, և եթե իրենք ցանկանան, կարող են ազդել քաղաքական ղեկավարների որոշումների վրա: Մարզերում և Արցախում նախաձեռնողականության մեծ խնդիր կա: Երևանում այդ հարցը որոշակիորեն լուծված է: Հենց այս ուղղությամբ էլ, որպես մտահոգ քաղաքացի, միշտ փորձելու եմ իմ ներդրումը ունենալ, իսկ ավելի նեղ մասնագիտական առումով՝ ես ինձ տեսնում եմ նաև արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ աշխատելիս, իսկ թե ինչ ձևաչափով՝ ապագան ցույց կտա:
 – Որպես քաղաքագետ՝ Հայաստանում առկա քաղաքական կոլապսը ինչի՞ հետևանք եք համարում:
 – Այո՚, մեզ մոտ կան դժգոհություններ, սակայն դժգոհություններ կան ցանկացած երկրում, այդ թվում՝ և արևմտյան զարգացած դեմոկրատիաներում: Դժգոհությունները Հայաստանի պարագայում ցանկալի մակարդակի չեն, կարող էին լինել ավելի ցածր մակարդակի, և սա ընդունում են բոլորը՝ սկսած նախագահից մինչև քաղաքացի: Կարծում եմ՝ Ձեր նշած կոլապսի հիմնական պատճառն այն է, որ մեր հասարակությունը սիրում է անհատներ, լիդերներ, փրկիչներ, այդ պատճառով մենք կոլապսի առաջ ենք կանգնում, մենք ցանկանում ենք, որ հովիվը՝ անհատը, մեր հոտը ղեկավարի. այստեղ արդյունավետության խնդիր կա, քանի որ անհատակենտրոն քաղաքականության դարաշրջանը համարում եմ վաղուց ավարտված՝ հատկապես այնպիսի համակարգերի համար, որին ձգտում ենք մենք: Իմ կարծիքով, այս խնդիրը շուտով պետք է լուծվի, քանի որ վերջին տարիներին մենք տեսնում ենք քաղաքացիական ակտիվ շարժումներ, որոնք ոչ թե անհատակենտրոն, այլ գաղափարակենտրոն շարժումներ են, որտեղ չենք տեսնում ընդգծված լիդերներ, այլ նախաձեռնող խմբեր: «Հովիվների» դարաշրջանն ավարտվել է, քանի որ երբ  որևէ ուղղահայաց լիդերի ինչ-որ բան է պատահում, օրինակ՝ մանիպուլյացիաների միջոցով, սկանդալային ինչ-որ քայլերով այդ լիդերը իր կերպարը կորցնում է որպես խարիզմատիկ լիդեր, կամ ուղղակի հեռանում է քաղաքականությունից կամ կյանքից, մենք արդեն անդունդի եզրին ենք հայտնվում: Իսկ քաղաքացիական նախաձեռնությունը գաղափարի համար է, և այն ինչ-որ ձևով վարկաբեկել անհնար կամ գոնե բավականին դժվար է, քանի որ այդտեղ գտնվում է ժողովուրդը, և հենց նա էլ որոշումներ է կայացնում՝ առանց ուղղահայաց լիդերի միջամտության: Այդ պարագայում ժողովրդի մտածելակերպը հոտային մտածելակերպ չէ, չի մտածում, որ պետք է հետևի մեկին, ով իր փոխարեն որոշում կկայացնի, այստեղ պատասխանատու է քաղաքացին, բոլորը պայքարում են հավասար իրավունքներով ու պարտականություններով: Սա է, որ պետք է փոխվի մեր մեջ, և ես կարծում եմ՝ շուտով այս ուղղությամբ փոփոխություններն ավելի ակնհայտ կլինեն:
 Համոզված եմ՝ ովքեր ցանկանում են ինչ-որ բան բարելավել այստեղ, միշտ էլ պայքարելու են դրա համար: Եվ այն մարդիկ, ովքեր լավ կրթություն են ստանում թե՚ արտասահմանում, թե՚ այստեղ, պետք է հասկանան, որ այդ կրթությունն իրենց համար գործիք է, ոչ թե նպատակ, և այդ գործիքը պետք է կիրառեն մեր համատեղ նպատակներին հասնելու համար:
 – Վերադառնալուց հետո կդիմե՞ք նորից ԱԳՆ դիվանագիտական դպրոց, կշարունակե՞ք պայքարը Ձեր իրավունքների համար:
 – Այո՚, պայքարը շարունակելու եմ մինչև այն պահը, երբ ինձ անարգել կերպով թույլ կտրվի ուսանել դիվդպրոցում և նաև անցնել դիվանագիտական ծառայության: Կարևորն այստեղ այդպիսի հնարավորություն ստանալն է, ոչ թե դիվդպրոցում ուսանելը կամ դիվանագետ դառնալը, քանի որ իմ հիմնական նպատակն է հասնել այն բանին, որ յուրաքանչյուր ոք, ով խնդիր է տեսնում, չմտածի արտագաղթի մասին՝ պայքարելով ոչ թե ճչանությամբ կամ նիհիլիզմով, այլ օրինական դաշտում և ազնիվ պայքարով: Այդ նույն տրամաբանությամբ ես դիմել եմ դատարան և անձնական վիրավորանքներ չեմ տեղում որևէ մեկի հասցեին, քանի որ բոլորն արժանապատվություն ունեն և բոլորն էլ սխալական են, ուղղակի պետք է սխալը ցույց տալ, օգնել նրան այն ուղղելու: ԱԳՆ դեմ իմ դատական հայցով, նեղ տեսանկյունից դիտարկելիս, ես պայքարում եմ, որպեսզի առաջին հերթին հաշմանդամներն իրենք պայքարեն և հասկանան, որ իրենց հոգեբանության մեջ պետք է փոփոխություն կատարեն՝ հասարակության մեջ ինտեգրվելու, ոչ թե հասարակությանը իրենց ինտեգրելու համար. սա է հիմնական խնդիրը: ԱԳՆ դիվանագիտական դպրոցի դեպքը կոնկրետ նեղ կետային դեպք եմ համարում, որտեղ ես պայքարելու եմ օրենքով ապացուցելու, որ չտեսնողը կարող է դիվանագետ դառնալ: Միգուցե հետագայում դիվանագիտական աշխատանքի ճանապարհն ընտրեմ և իմ արդյունավետությունը, ներուժը հանուն Հայաստանի (ի նկատի ունեմ ՀՀ և ԱՀ) օգտագործեմ, սակայն այս հայցով ես ամենևին չեմ պայքարում դիվանագետ դառնալու համար, ես ինձ ավելի շատ տեսնում եմ լայն հրապարակային աշխատանքներով զբաղվելիս, քանի որ որպես դիվանագետ՝ իմ ձեռքերը բավականին սահմանափակված են լինելու վերլուծական և հասարակական քաղաքացիական աշխատանք կատարելու ճանապարհին: 


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...