Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կոնկրետ գործողությունները պետք է խելացի կիրառել | lragir.am


Ամսաթիվ՝ 10/04/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս lragir.am-ին:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, ով սովորում է ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության (Fletcher School of Law and Diplomacy) դպրոցում: Արտակ Բեգլարյանին երկու տարի առաջ ԱԳՆ-ն մերժեց դիվանագիտական դպրոցում ուսում ստանալ` կույր լինելու պատճառաբանությամբ:
Արտակ, երեկ տեղի ունեցավ միաժամանակ երկու երդմնակալություն, որին հաջորդեցին բուռն զարգացումներ: Շատերը համարում են, որ սա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի ավարտն է:
Այո, ապրիլի 9-ին երկու երդմնակալություն տեղի ունեցավ, սակայն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության՝ Հովհաննիսյանինը տարբերվում էր իր ոչ ֆորմալությամբ, թեև անձամբ ես սպասում էի ավելի ֆորմալ երդմնակալություն տեսնել: Հետաքրքիր է, որ նույնիսկ սահմանադրությամբ տրված տեքստը չկարդացվեց Հովհաննիսյանի կողմից, փոխարենն առաջարկվեց նոր տեքստ, և այն էլ մատուցվեց զանգվածային ընթերցման ճանապարհով: Հովհաննիսյանի հիմնական հաղորդագրությունները չէին փոխվել, դրանք են՝ իշխանափոխություն, պայքարի ճանապարհը երկար է լինելու, ոչ մի կաթիլ արյուն: Վերլուծելով մինչև երեկո կատարված զարգացումները՝ տպավորություն է ստեղծվում, որ Հովհաննիսյանը չէր ցանկանում ժողովրդին ուղղորդել դեպի ակտիվ գործողություններ՝ այդ թվում երթի ճանապարհով: Վանկարկվող «հիմա»-ներին նա խուսափողական պատասխան էր տալիս՝ անորոշ կերպով խոստանալով, որ հաջորդ առավոտը հաղթանակով է բացվելու: Միանշանակ էր, որ առայսօր նա պնդում էր, որ ապրիլի 9-ը ջրբաժան է դառնալու իր պայքարում, ինչին էլ հոգեպես տրամադրվել էին հրապարակում գտնվողները, դրա համար որոշակի գործողություններ էին պահանջում: Չեմ կարող միանշանակ պնդել, թե արդյոք նա նախօրոք մշակված պլանով էր ձգձգում երթը մինչև երեկո, թե հրապարակի ու թիմակիցների ճնշումն ազդեց որոշման վրա, այնուամենայնիվ, արդեն երեկոյան Հովհաննիսյանն առաջնորդեց ժողովրդի երթը:
Չէի ասի, թե սա նրա պայքարի ավարտն է, քանի որ ժողովրդին լարման մեջ պահելու նոր աղբյուրներ ի հայտ եկան (բախումներ, ձերբակալություններ), սակայն, իմ կարծիքով, որոշ բացթողումներ նկատվեցին ակտիվ գործողությունների ժամանակ: Ամենաառանցքային խնդիրը կհամարեի շարժման թույլ համակարգումը և ապակենտրոնացումը, ինչի արդյունքում ավելի դժվար է դառնում կոնկրետ գործողություններով կենտրոնացված ու հզոր ճնշում գործադրել իշխանությունների վրա: Ինչպես տեսանք, երթի մասնակիցները մի քանի խմբերի էին բաժանվել, որոնք իրարից տարբեր վարք էին դրսևորում: Երբ Հովհաննիսյանը մի շարք համախոհների հետ գնաց Ծիծեռնակաբերդ, ջլատվեց շարժման թափը, իսկ նրա թիմակիցներն էլ, մասամբ նաև ոստիկանության գործողությունների շնորհիվ, չկարողացան կենտրոնացված կերպով համակարգել ցրված խմբերի վարքերը: Երկրորդ խնդիրը կհամարեի հրապարակին մատուցվող անորոշությունը, ինչը կարող է հիասթափության պատճառ դառնալ: Երբ Հովհաննիսյանը խոսում է առավոտվա մասին և չի կոնկրետացնում, թե ինչ է արվելու առավոտյան՝ բացի լուսաբաց դիմավորելուց, դա հաջող մարտավարություն չէի համարի:
Անդրադառնալով Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ի վարքի ուժեղ ու դրական կողմերին, ապա ոստիկանապետի հետ բանակցություններն ու դրանց արդյունքները դրական կհամարեի թե Հովհաննիսյանի, թե ՀՀ ոստիկանության համար, քանի որ երկու կողմն էլ բախման չգնացին և կարողացան փոխհամաձայնության գալ: Ավելին՝ անձամբ ինձ համար հաճելի էր, երբ ոստիկանապետը ուղեկցեց ընդդիմության ղեկավարին Ծիծեռնակաբերդ և միասին աղոթեցին. Սա հանդուրժողականության աննախադեպ օրինակ է, որտեղ լայն առումով շահողը սովորական քաղաքացին է: Հովհաննիսյանի մյուս հաջողված մարտավարական քայլը ամսի 12-ի հանրահավաքի ժամանակ իր թիմը ներկայացնելու մասին հայտարարելն է, քանի որ եթե նա երդմնակալություն է կատարում, ապա ենթադրելի է, որ պետք է կոնկրետ թիմ (այլ խոսքով ասած՝ այլընտրանքային կառավարություն) ձևավորի:
Այսպիսով, հաշվի առնելով ապրիլի 9-ի զարգացումները, լարման ի հայտ եկած նոր աղբյուրները, ինչպես նաև ավելի երկարաժամկետ կտրվածքով նայելիս՝ Երևանի քաղաքապետի մոտեցող ընտրությունները, միանշանակ կարող ենք պնդել, որ զանգվածային պայքարը շարունակվելու է, իսկ թե ինչ միտումով (ուժգնացման, թե թուլացման), կախված է լինելու պայքարի ղեկավարության մարտավարական քայլերից և, ավելի քիչ չափով, իշխանությունների պատասխան գործողություններից:
Արդյոք այս պարագայում կարելի՞ է մտածել Ավագանու ընտրություններին հաջողություն ունենալու մասին:
Մինչև ավագանու ընտրությունը դեռ շատ ջրեր են հոսելու և, հետևաբար, վաղ է հաջողության մասին գնահատական տալու համար: Այդ ջրերը հոսելու են տարբեր աղբյուրներից՝ իշխանական, Հովհաննիսյանական, ԲՀԿ-ական, դաշնակցական, ՀԱԿ-ական: Այս բոլոր աղբյուրների ջրերը, բնականաբար, ազդեցություն են ունենալու «Բարև Երևան»-ի արդյունքների վրա, բայց ամենաշատը հենց Հովհաննիսյանի ներկա ու հետագա գործողություններն են ի վիճակի լինելու պայմանավորելու «Բարև Երևան»-ի հաջողությունը կամ անհաջողությունը: Կարծում եմ՝ առաջիկա օրերի զարգացումներն ավելի հստակորեն ցույց կտան ժողովրդի բողոքի ընթացիկ ալիքը համապատասխան հունով ուղղորդելու Հովհաննիսյանի թիմի կարողությունը:
Որքանո՞վ էր տրամաբանական Ծիծեռնակաբերդ գնալը, երբ Բաղրամյանում շատ քչերը միացան, իսկ հասարակությունն էլ մնաց դեմ առ դեմ ոստիկանների հետ, մարդիկ ասում էին՝ փաստորեն Րաֆֆին լքեց մեզ:
Կարծում եմ՝ Ծիծեռնակաբերդ գնալու կտրուկ որոշումը ցանկալի չէր Հովհաննիսյանի համար, քանի որ, ինչպես նշեցիք, այն հանգեցրեց հիասթափության երթի մասնակիցների շարքերում: Սակայն այդ խորհրդանշական քայլի մասին Հովհաննիսյանը կարող էր հայտարարել նախօրոք, որ հետևորդները պատրաստ լինեին դրան, ու հեշտ լիներ համակարգել նրանց շարժը: Պետք է նշել նաև, որ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, վերադարձավ Բաղրամյան ու միացավ այնտեղ մնացած ժողովրդին, ինչը թուլացրեց նրա նկատմամբ դժգոհությունը: Մյուս տեսանկյունից, Ծիծեռնակաբերդի արդյունքներից մեկն էլ ոստիկանության ու ընդդիմության փոխհամաձայնության հասնելն էր և, ինչու չէ, Հովհաննիսյանի ու Գասպարյանի խորհրդանշական համատեղ աղոթքը:
Արտակ, արդեն հնչում է, որ Րաֆֆու գլխավորած շարժումը այլևս չի լինի: Հաշվի առնելով, որ շարժման շատ մասնակիցներ համաձայն չէին այս որոշման հետ, մասնավորապես նստացույցի կոչեր հնչեցին, հասարակությունը կարո՞ղ է արդյոք ինքնակազմակերպվել: Հասարակությունը պատրա՞ստ է իր ձեռքը վերցնել շարժումը:
Այո, նմանատիպ շարժումների ժամանակ հանրահավաքների մասնակիցները կոնկրետ գործողություններ են պահանջում, որոնցից մեկն էլ նստացույցն է: Անվիճելի է, որ այդ խաղաղ ակտիվ մեթոդներն ավելի ազդեցիկ լծակներ են ճնշում գործադրելու համար, քան հանրահավաքներում հնչող խոսքերը: Սակայն, մյուս կողմից էլ կոնկրետ գործողությունները պետք է խելացի կիրառել, որպեսզի պատային դրության առջև չկանգնեն ակտորները, որը հանգեցնելու է լճացման ու շարժման մարման: Չեմ կարծում, թե Հովհաննիսյանի նկատմամբ դժգոհություններն այնքան ընդգծված են, որ փորձ կատարվի նոր առաջնորդ ընտրելու բնական ընտրության ճանապարհով: Սակայն եթե նույնիսկ այդպիսի փորձ կատարվի, հաջողության հավանականությունը դեռևս ցածր եմ գնահատում, քանի որ Հովհաննիսյանը և ոչ մեկ ուրիշն է ստացել խոշոր արդյունք ընտրությունների ժամանակ, և այդպիսի լուրջ աջակցության օբյեկտը փոխելը երկարատև գործընթաց է ենթադրում: Բացի դրանից, Հովհաննիսյանի խոսքն այդ փոփոխության մեջ դեռևս ամենաառանցքային գործոնը կհամարեի, քանի որ նկատելի է, որ նրան աջակցողները դեռ քիչ չեն: Իսկ հասարակության ինքնակազմակերպման մասով կարող եմ միայն նշել, որ այսպիսի պայքարը ենթադրում է հստակ առաջնորդի առկայություն, ոչ թե առանց առաջնորդի պայքար, իսկ Հովհաննիսյանի առաջնորդությունը միանշանակորեն այդ ինքնակազմակերպման արդյունք է:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ


Reddit

Պիտակներ՝ |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...