Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Երբեք չհանձնվե՛լ գարնան ճանապարհին». ելույթ երիտասարդական ցուցահանդես-համաժողովում


Ամսաթիվ՝ 13/11/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Այսօր ելույթ ունեցա «Հայացք Ապագային» երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովում, որի տեքստը տեղադրում եմ ստորև: Գլխավոր նպատակս երիտասարդներին ոգևորելն ու ներշնչելն էր. Հուսամ՝ ստացվեց: Տեքստը չնչին չափով տարբերվում է հնչած ելույթիցս:
«Աղվեսագրքում» կա մի առակ՝ վերնագրված «Իմաստուն զինվորը»: Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»:
Առակն ի՞նչ կուսուցանե… Իհարկե, ուղիղ իմաստով սա վերաբերում է հենց զինվորին ու պատերազմական հաղթանակին, սակայն ավելի լայն և խորքային առումով այն խոսում է խնդիրները հաղթահարելու և կյանքում ցանկացած հաղթանակի հասնելու մոտեցման մասին:
Ի՞նչ է կատարվում, երբ նպատակիդ մոտենում ես երկչոտությամբ ու կասկածանքով: Շատ բան կարող է կատարվել, բայց ոչ հաղթանակին հասնելը: Փոխարենը եթե վճռական ու նպատակասլաց ես, կաղությունն ու այլևայլ ֆիզիկական խոչընդոտներն անգամ չեն կարող արգելք հանդիսանալ հաջողությանդ ու հաղթանակիդ ճանապարհին:
Պատահականորեն չսկսեցի այս առակից, քանի որ ցանկանում եմ խոսել մեր հասարակության՝ այս պարագայում երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիասթափության և հոռետեսության մտայնության մասին, որում առանցքային դերակատարում ունեն նապաստակի և ջայլամի հոգեբանությունները:
Նապաստակ… ինչպիսի՞ բնորոշիչ գծերով կբնութագրեիք նապաստակին. Անձամբ ես՝ փախուստով և երկչոտությամբ: Արդյո՞ք մարդը կոչված է նապաստակին կրկնօրինակելու իր փախուստի հոգեբանությամբ: Արդյո՞ք վտանգից փախչելը վերացնում է խնդիրը կամ մարդուն թույլ է տալիս զարգանալ, և արդյո՞ք նապաստակի վարքը պատշաճ է սոցիալական միջավայրում, լինի դա ընտանիք, փոքր խումբ, համայնք, հասարակություն, թե ազգ: Ինչու՞ ենք փախչում մեր խնդիրներից, չէ՞ որ մեր փախուստը հանգեցնում է նոր փախուստների, իսկ կաղ զինվորի նմանները կերտում են հաղթանակները նաև փախչողների համար:
Ջայլամ… ի՞նչ է անում այդ տարօրինակ թռչունը, երբ վտանգ է տեսնում: գլուխը թաղում է ավազի մեջ… չի երևում վտանգը, ուրեմն չկա այն: Մենք առնվազն կասենք՝ «ա՜յ քեզ տրամաբանություն», եթե չասենք՝ «հիմար կենդանի»: Իսկ արդյո՞ք մարդիկս էլ ենք նույն հիմարությունը կատարում վտանգի ու խնդիրների առկայության դեպքում. Իհարկե, կատարում ենք, քանի որ մարդ ենք: Իսկ կարո՞ղ ենք ավելի քիչ ջայլամանալ. Անշուշտ, քանի որ մարդ ենք: Հետաքրքիր է՝ չե՞նք կարող ընդհանրապես ջայլամություն չանել. Համոզված եմ, որ թեև ոչ հեշտությամբ, բայց կարող ենք, քանի որ մարդ ենք…
Հետևում է գլխավոր հարցը՝ ի՞նչ անել… եթե հարցնենք «լինե՞լ, թե՞ չլինել», բնականաբար, լինել: Բայց այդ պատասխանով բոլոր խնդիրները չեն լուծվում: Պետք է ոչ միայն լինել, այլ նաև պայքարել՝ նապաստակություն և ջայլամություն անելու փոխարեն: Պետք է ոչ միայն լինել, այլ նաև լինեցնել, ապրեցնել, դառնալ առանցքը լինելու արվեստի:
Հաջորդ հարցը՝ ինչու՞ պայքարել և լինեցնել… քանի որ… Երբ ես չորս տարեկան էի, հայրս զոհվեց արցախյան գոյամարտում: Մանուկ՝ դեռ չվայելած հայրական սերն ու գուրգուրանքը: Ի՞նչ էր իմ արձագանքը սգո թափորին՝ «մա՛մ, ու՞ր է գնում պապան, ե՞րբ կգա»: Մայրական հավատացնող պատասխան՝ «կգա շուտով»: Եկա՞վ… Իհարկե, եկավ: Հախվերդյանական հայտնի երգը կարծես շշնջում է ականջիս՝ «քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր»: Սիրելի՛ երիտասարդ սերունդ, դու հենց գարունն ես, ում մեջ և ում միջոցով վերադարձել են հայրիկս և այն բոլոր ընկած և չընկած հայորդիները, ովքեր գոյամարտում դարձան դարբինները մեր ներկա գոյության, ովքեր իրենց կյանքով և գործերով տվեցին հնարավորությունը գարուն բերելու, գարուն կերտելու, գարուն դառնալու: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «ձմեռը որքան էլ ցուրտ լինի, միևնույն է՝ գարուն է գալու): Ցուրտն անցավ, մենք իրավունք ունե՞նք գարնան դեմն առնելու, մենք իրավունք ունե՞նք գարնան ճանապարհից նապաստակորեն փախչելու կամ ջայլամորեն իբր թե թաքնվելու: Երիցս ո՛չ: Ո՛չ, ոչ միայն այն պատճառով, որ մենք պարտք ունենք մեր ավագ սերնդի առջև, որ մենք պարտք ունենք հայրիկիս առջև, այլ որ մեր հաջորդ սերունդն էլ է պարտադրում մեզ լինելու պայքարող և լինեցնող կամուրջ սերունդների միջև: Ավելին, դուք պարտավոր եք իմ, դիմացինի, ձեր կողքինի առջև, քանի որ մենք էլ ձեր առջև ենք պարտավոր: Եկե՛ք մեզնից ոչ ոք չլինի ձրիակեր մակաբույծ, և բոլորս պայքարենք հանուն բոլորիս:
Երրորդ հարցը կձևակերպեի՝ «ինչպե՞ս պայքարել և լինեցնել»… Վեց տարեկանում ականի պայթյունից կորցրեցի տեսողությունս…Այդպես էլ է պատահում, հետո ի՞նչ… Ի դեպ, հետաքրքիր զուգադիպություն՝ այսօր կույրերի միջազգային օրն է, այնպես որ կարող եք շնորհավորել մեղավորիս այդ ձեռքբերման առթիվ: Թեև գիտակից կյանքիս ողջ ընթացքում համարյա չեմ էլ մտածել կամ երազել տեսողությանս վերականգնման մասին, քանի որ կուրությունս ինձ համար միայն որոշ ֆիզիկական դժվարությունների աղբյուր է, սակայն սկզբնական շրջանում (ասենք՝ 6-8 տարեկանում), բնականաբար, նեղվում էի, իսկ մայրս, հիշում եմ, անընդհատ կարծես թե փարատում էր՝ նշելով, որ 16 տարեկանում տեսողությունս վերականգնվելու է: Որոշ ժամանակ անց դրա մասին իսպառ մոռացել էի, մինչև այն պահը, երբ բոլորեց տասնվեցերորդ գարունս և տեսողությանս վերականգնման փոխարեն կյանքից հեռացավ մայրս: Դրանից հետո միայն հիշեցի մխիթարելու մայրիկիս մեթոդը՝ մտածելով, թե ինչ էր խոստացվել, և ինչ ստացա տասնվեց տարեկանում: Այնուամենայնիվ, կյանքն այդպես է, հատկապես հետադարձ ազդեցություն չունես դրա վրա, փոխարենը պետք է հարմարվել և հայացքդ հառել ապագային: Կարծես թե այդպես էլ արեցի, ինչպես և շարժվել եմ ողջ գիտակից կյանքիս ընթացքում: Ուսանեցի Երևանի Պետական Համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում: Ըստ գնահատականներիս և դիպլոմիս գույնի, որն իմ աչքով չեմ տեսել, որպեսզի համոզված պնդեմ դրա կարմիր լինելու մեջ՝ սովորել եմ գերազանց, իսկ ըստ իմ իրական գնահատականի՝ սովորել եմ: Այնուհետև երեք անգամ ուսանեցի արտասահմանում՝ Հունաստան, Անգլիա և ԱՄՆ՝ այդ թվում երկու առաջատար համալսարաններում՝ Լոնդոնի Համալսարանական Քոլեջում և Ֆլեթչերի Իրավունքի և Դիվանագիտության Դպրոցում: Մեկ տարուց ավել է աշխատում եմ որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական և փորձում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները ներդնել Արցախի և ընդհանուր Հայաստանի զարգացման գործում և՛ որպես քաղաքացի, և՛ որպես պետաշխատող: Ամենակարևորը նշեմ այս շարքում, որը համարում եմ իմ ինքնահաղթահարման ստուգարքներից մեկը: Շուրջ երեք ամիս առաջ բարձրացա բիբլիական Արարատի գագաթը՝ ապացուցելով, որ ֆիզիկական խնդիրները և ընդհանրապես այլևայլ խոչընդոտները կարևոր չեն նպատակների իրականացման գործում, եթե, իհարկե, բավարար ձգտում և կամքի ուժ ունես:
Սիրելինե՛րս, ես սովորական մարդ եմ, ով ձեզնից մեկն է, ով բոլորիցդ շատ բան ունի սովորելու, միևնույն ժամանակ ով սերտել է կյանքի մի քանի կանոն, թե ինչպես պայքարել, լինել և լինեցնել: Կուզեի հակիրճ կերպով առանձնացնել դրանցից երեքը:
Նախ՝ բարոյական հստակ արժեքների վրա հենված կրթությունը հաղթանակի և լինելու հիմնական գործիքն է, որի մեծագույն նպատակը, ինչպես մեծ փիլիսոփա Սփենսերն է նկատել, ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը: Հետաքրքրական է, որ երբ մայրս ինձ փորձում էր համոզել յոթ տարեկանում Ստեփանակերտից բերելու Երևան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց ընդունվելու, ես ընդդիմանում էի՝ չցանկանալով ընտանիքից հեռու ապրել: Սակայն հիշում եմ, որ երբ նա ասեց, որ դպրոցում բացի դասերից նաև երաժշտություն ու արհեստներ էլ են սովորեցնում, ես ոգևորվեցի և հանդիսավոր կերպով հայտարարեցի, որ գնալու եմ սովորեմ և վերադառնամ մեր բազմոցն ու պահարանը նորոգելու: Մանկական պրագմատիզմ… Անկեղծ ասած, խոստումս չկատարեցի, բայց փոխարենը ստացած գիտելիքներս այլ ոլորտներում ու նպատակներով միշտ փորձել եմ կիրառել:
Հաջորդը մեզ շատ հայտնի «մեկ ծաղկով գարուն չի գա» սկզբունքն է: Սա կարծես թե բոլորս գիտենք որպես ոսկե կանոն, բայց քչերին է հաջողվում արդյունավետորեն կիրառել: Սիրելի՛ երիտասարդներ, մենք՝ բոլորս այս կամ այն չափով ծաղիկներ ենք, և պետք է այնպես անենք, որ չմնանք անհատական ծաղիկներ, այլ միասին գարուն բերենք և դառնանք գարուն: Որպեսզի արդյունավետորեն միասնականանանք, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս լավագույնն է, բայց ոչ միակը: Այսինքն՝ ամեն ոք կարող է որևէ բան անել շատ լավ, իսկ երբ յուրաքանչյուր ծաղկի լավ կողմերը միավորվեն, գարունը կգա անխուսափելիորեն: Այնպես որ համատեղ ուժերով պայքարե՛նք մեր միասնական նպատակների համար:
Եվ վերջին սկզբունքը ձևակերպված է արցախահայության բնավորության և Չերչիլի հայտնի խոսքում, այն է՝ «երբեք չհանձնվել»… Թե ինչպես պատահեց, որ Չերչիլը արցախյան հաստակողություն ցուցաբերեց ֆաշիստական Գերմանիայի կողմից Անգլիայի ռմբակոծման ժամանակ, կասկածելի մնաց թե՛ Հիտլերի, թե՛ արցախահայության համար: Այստեղ են ասում՝ «Չերչիլն էլ է հայ», ընդ որում՝ արցախցի:
Ամփոփելով՝
• Չապրե՛նք նապաստակի և ջայլամի վարքով…
• Իմանալու փոխարեն իմանա՛նք և կիրառե՛նք…
• Լավագույն ծաղիկներով միավորվե՛նք և բերե՛նք ու պահպանե՛նք գարունը…
• Եվ երբեք, երբեք, երբեք չհանձնվե՛նք:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...