Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ելույթս Յունիսեֆի միջոցառմանը՝ նվիրված հաշմանդամ երեխաների կրթության հիմնախնդիրներին (տեսանյութ)


Ամսաթիվ՝ 09/09/2014 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա

Հունիսի 23-ին ելույթ ունեցա Յունիսեֆի կողմից կազմակերպված “Yerevan activate talks” միջոցառմանը, որը նվիրված էր «երեխայի իրավունքների վերաբերյալ հռչակագրի» 25-ամյակին՝ քննարկելու հաշմանդամ երեխաների կրթության հիմնախնդիրները: Ելույթիս տեքստը և տեսանյութը դնում եմ ստորև:


2011թ.-ին ես փորձեցի դիմել հՀ արտգործ նախարարության դիվանագիտական դպրոց այնտեղ ուսանելու, որն ավարտելուց հետո շրջանավարտների մի մասն ընդունվում է դիվանագիտական ծառայության: Ի զարմանս ինձ՝ պատասխանեցին, որ կույրը չի կարող դիվանագետ դառնալ, հետևաբար՝ չի կարող սովորել նաև այդ դպրոցում: Փորձեցի նրանց հետ զրուցել, հասկանալ, թե իրենք ինչպես են պատկերացնում կույրին՝ պոզավոր, պոչավոր, թե ուղղակի անկարողունակ: Պատասխանատու մարդիկ չցանկացան լսել, չցանկացան ինձ հետ քննարկել այն դժվարությունները, որոնք, ըստ իրենց, անհնար էին դարձնում իմ ուսումը և հետագա հավանական դիվանագիտական ծառայությունը: Մի խոսքով, արդյունքում դիմեցի դատարան ԱԳՆ-ի դեմ: Դատական երեք ատյանները անցա, երեքն էլ արձանագրեցին, որ ԱԳՆ-ը պատասխանատու չէ դիվդպրոց ՊՈԱԿ-ի գործողությունների համար՝ փաստացի չժխտելով իմ իրավունքների խախտումը:
Հետո արդեն տեխնիկական պատճառներով չկարողացա նոր հայցով հանդես գալ դիվդպրոցի դեմ, որպեսզի դատարանում էլ ապացուցեի իմ մի շարք իրավունքների ոտնահարման դեպքը: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ այս պատմությունը դեռ շարունակություն կունենա՝ իմ կյանքի փորձով, միգուցե նաև իրավական զարգացումներով:

Վեց տարեկանում ականի պայթյունից կորցրեցի տեսողությունս Արցախում… Ի ուրախություն ինձ՝ մայրս այն ծնողների շարքին չէր դասվում, ովքեր չէին ցանկանում իրենց հաշմանդամ երեխային դպրոց տանել: Այդ պատահարից մի քանի ամիս անց (1995թ. սեպտեմբերին) ընդունվեցի Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց: Մի փոքր դիպված, թե ինչպես էր մայրս համոզում ինձ դպրոց տանելու հարցում: Ոչ թե չէի ցանկանում կրթության գնալ, այլ չէի ցանկանում կտրված լինել ընտանիքից: Պետք է 3-4 ամիս լինեի Երևանում՝ ընտանիքից հեռու, այն էլ 6-7 տարեկան հասակում: Սկզբից ընդդիմանում էի, սակայն մայրս ասեց, որ դպրոցում գործում են երաժշտական ու արհեստագործական խմբակներ, և ես ուրախացած ասում էի, որ գնալու եմ այնտեղ սովորեմ հյուսնություն և վերադառնամ մեր բազմոցն ու պահարանը վերանորոգեմ: Բարեբախտաբար, ես կրթության իմաստը տեսնում էի գործնականության ու կիրառականության մեջ, ոչ թե ուղղակի գիտելիք ստանալու:
Այնտեղ ստացա լիարժեք կրթություն: Այնքան լիարժեք, որ պատմության առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում վաստակեցի առաջին կարգի դիպլոմ՝ մրցելով ողջ Հայաստանի աշակերտների հետ: Այնքան լիարժեք, որ երկու անգամ մասնակցեցի «մենք գիտենք, որ դու գիտես» մանկապատանեկան ինտելեկտուալ հեռուստախաղին, երկու անգամ էլ պատասխանեցի բոլոր հարցերին և շահեցի գլխավոր մրցանակները: Դպրոցում ես ստացա ոչ միայն հանրակրթական լիարժեք կրթություն բոլոր առարկաներից, այլ նաև հաճախում էի հմտություններ և ընդհանուր զարգացվածություն ապահովող խմբակների՝ երաժշտություն, երգ, շախմատ, ասմունք, մերսում և այլն: Այս առավելությունների կողքին, այնուամենայնիվ, կային նաև թույլ կողմեր՝ որպես հատուկ դպրոց, սակայն դրանց կանդրադառնամ քիչ անց:
Դպրոցն ավարտելուց հետո ուսանել եմ Երևանի Պետական Համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատում: Ըստ գնահատականներիս և դիպլոմիս գույնի, որն իմ աչքով չեմ տեսել, որպեսզի համոզված պնդեմ դրա կարմիր լինելու մեջ՝ սովորել եմ գերազանց, իսկ ըստ իմ իրական գնահատականի՝ սովորել եմ: Այնուհետև երեք անգամ ուսանեցի արտասահմանում՝ Հունաստան, Անգլիա և ԱՄՆ՝ այդ թվում երկու առաջատար համալսարաններում՝ Լոնդոնի Համալսարանական Քոլեջում և Ֆլեթչերի Իրավունքի և Դիվանագիտության Դպրոցում: Այժմ ուսանում եմ ՀՀ պաշտպանության նախարարության կից ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում քաղաքագիտության գծով:
Շուրջ մեկուկես տարի աշխատել եմ որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, իսկ շուրջ վեց ամիս է՝ որպես նրա մամլո քարտուղար: Այժմ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ եմ, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների անդամ: Ես ինձ միշտ դիտարկել եմ որպես հասարակական, ոչ թե քաղաքական գործիչ: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան պետք է առաջին հերթին քաղաքացի լինի, հետո պաշտոնյա:
Ամենակարևորը նշեմ այս շարքում, որը համարում եմ իմ ինքնահաղթահարման ստուգարքներից մեկը: Շուրջ մեկ տարի առաջ բարձրացա բիբլիական Արարատի գագաթը՝ ապացուցելով, որ ֆիզիկական խնդիրները և ընդհանրապես այլևայլ խոչընդոտները կարևոր չեն նպատակներիդ հասնելու ճանապարհին, եթե, իհարկե, բավարար ձգտում և կամքի ուժ ունես:

Այսքանը որպես հակիրճ տեղեկատվություն կյանքի իմ ճանապարհի մասին: Իսկ թե այդ ճանապարհին ինչ առնչություններ եմ ունեցել կրթության և, մասնավորապես, ներառական կրթության հետ, փորձեմ ներկայացնել ստորև:
Նախ՝ դպրոցական կրթության մասին: Ես արտասահմանում դպրոց չեմ սովորել, որպեսզի կարողանամ հստակ համեմատականներ անցկացնել հայաստանյան և արտասահմանյան ներառական կրթությունների միջև, սակայն կարող եմ ասել, թե այստեղ ինչ կա և ինչ պետք է լինի՝ իմ կարծիքով: Ինչպես նշեցի արդեն, ես սովորել եմ հատուկ դպրոցում և սեփական մաշկիս վրա զգացել եմ դրա առավելություններն ու թույլ կողմերը: Մասնավորապես՝ սոցիալական մեկուսացած միջավայրն ամենացցուն խնդիրն է հատուկ դպրոցներում: Երբ աշակերտները ոչ միայն դասարանային ժամերին, այլ նաև ողջ օրվա ընթացքում շփվում են միայն դպրոցի սաների և աշխատողների հետ, դա թույլ չի տալիս արագ ինտեգրվել հասարակությանը: Բացի դրանից, այն հանգամանքը, որ դու շրջապատված ես միայն քեզ նման խնդիրներ ունեցող հասակակիցներով, կարող է ստիպել ինքդ քեզ զգալ հատուկ կարիքներ ունեցող մարդ: Այնինչ հաշմանդամը չպետք է ինքն իրեն զգա որպես հատուկ կարիքներով մարդ, քանի որ նա, ցանկության ու աջակցության դեպքում, կարող է այդ կարիքները հոգալ: Այս խնդիրները, կարծում եմ, ուղիղ կերպով չեն ազդում կրթության որակի վրա, սակայն հաշմանդամ աշակերտի հոգեբանության վրա ոչ ցանկալի ազդեցություն ունենում են, ինչը հասարակության մեջ նրա ինտեգրման խոչընդոտներից գլխավորն է:
Ի՞նչ փորձառություն եմ ունեցել արդեն համալսարանական տարիներին: Ընդունվելով Երևանի պետական համալսարան՝ իրականում դժվարություններ չեմ ունեցել նոր միջավայրում ինտեգրվելու և այն էլ ինտեգրելու իմ իրականության հետ, ինչը հաջողվել է թե՛ իմ բնավորության, թե՛ շրջապատիս բաց լինելու շնորհիվ: Սակայն կրթական առումով տեխնիկական դժվարություններ քիչ չեմ ունեցել, որոնք արդյունավետ ներառական կրթության հիմնական խնդիրների շարքից են: Մասնավորապես՝ համալսարանը պատրաստ չէր մատչելի ձևաչափի գրականություն տրամադրել ինձ, ինչն օրենքի խախտում է: Սակայն ըմբռնումով եմ մոտեցել այդ խնդրին, քանի որ այն կապված էր լրացուցիչ ֆինանսական միջոցների հետ, իսկ մեր համալսարաններն այդքան էլ հարուստ չեն: Հարցը լուծում էի դասախոսների հետ անհատական կապ պահելով կամ իմ ու ընկերներիս անձնական լրացուցիչ ջանքերով: Ընդհանուր առմամբ, այլ տիպի էական դժվարություններ չեմ ունեցել. Բոլորն իրականում լուծելի են, եթե ձգտում կա:
Այնինչ մոտեցումներն ու ռեսուրսներն այլ էին Անգլիայում և ԱՄՆ-ում ուսանելուս ժամանակ: Օրենքի ուժով պարտավոր էին բոլոր հավասար պայմանները ստեղծել ինձ համար և ստեղծեցին՝ ներառյալ մատչելի գրականություն, համապատասխան տեխնիկական միջոցներ, կոնկրետ դասերի համար նշումներ կատարող, ինչպես նաև համալսարանի տարածքին ծանոթացնելու նպատակով ուսուցանող, որպեսզի կարողանամ միայնակ տեղաշարժվել անհրաժեշտ տարածության մեջ: Իհարկե, համեմատության մեջ տարբերություններն ահռելի են Հայաստանի և Անգլիայի կամ ԱՄՆ-ի կրթական համակարգերի միջև, սակայն արդարության համար պետք է խոստովանել նաև տրվող վարձի չափի տարբերությունը՝ ԵՊՀ-ում կարծեմ շուրջ 1,000 դոլարին համարժեք դրամ, Անգլիայում՝ շուրջ 25,000 դոլար, իսկ Ամնում՝ շուրջ 40,000 դոլար: Այդ գումարները վճռորոշ դեր ունեն ընդհանրապես ուսանողներին և մասնավորապես հաշմանդամ ուսանողներին տրամադրվող հնարավորությունների հարցում:
Ամեն դեպքում, պետք է նշել, որ Հայաստանում առկա խնդիրները ոչ միայն ֆինանսական միջոցների սղության, այլ նաև գործընթացում ներգրավված սուբյեկտների սխալ ընկալումների պատճառով են: Օրինակ՝ երբ ես դիմեցի ԱԳՆ դիվդպրոց և կուրությանս պատճառով մերժում ստացա, դրանից հետո ԱԳՆ-ի ներկայացուցիչը լրագրողների մոտ «արդարացավ», թե ինչպես էի կարող ես այնտեղ սովորել՝ տրված գրականությունը կարդալ, տեղաշարժվել և այլն: Եվ ավելացրել է, որ դիվդպրոցն այդքան ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի ինձ համար ապահովի բոլոր պայմանները: Իսկ իրականում իրենք ինձ հետ չեն էլ ցանկացել քննարկել դասավանդման հավանական խնդիրները, որի դեպքում ի զարմանս իրենց՝ կիմանային, որ լրացուցիչ ծախսեր անելու կարիք չկար, քանի որ ինձ պետք էր միայն գրականությունը տրամադրել էլեկտրոնային, ինչն էլ արվում է բոլոր ուսանողների համար: Փաստացի ես պատրաստ էի ոչ մի նեղություն չտալ նրանց, ինչպես և արել էի Երևանի պետական համալսարանում ուսանելիս: Դա նշանակում է, որ դեռևս խնդիրներ կան հաշմանդամների հնարավորությունները ճանաչելու հետ կապված, և մեր առաքելությունը պետք է լինի կոտրել այդ կարծրատիպերը հասարակության մի ստվար հատվածի մոտ:
Անդրադառնալով ներառական կրթությանը հանրակրթության ոլորտում ՝ ինձ իրավունք կվերապահեմ ենթադրելու, որ այնտեղ մարտահրավերներն ավելի սուր և շատ են, քան բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս պնդումը մեկ հիմնական փաստարկ ունի, այն է՝ այնտեղ աշխատանքը երեխաների հետ է, ովքեր շատ ավելի զգայուն են արտաքին ազդակների նկատմամբ: Հետևաբար, ավելի մեծ ջանք է պահանջվում նրանց կրթության ապահովման համար: Այստեղ աշխատանքի օբյեկտներն էլ են բազմազան՝ հաշմանդամություն ունեցող աշակերտը, նրա ծնողները, ուսուցիչները և համադասարանցիները: Բոլորն էլ իրենց պատասխանատու դերերն ունեն՝ մեկ միասնական նպատակով՝ ապահովել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրագործումը: Այնուամենայնիվ, այդ ճանապարհին մի առանցքային հիմնախնդիր կա, որին, ցանկալի է, մեծ ուշադրություն դարձնել: Խոսքն անհատական մոտեցման մասին է. Այսինքն՝ ըստ երեխայի կարիքի և կարողությունների՝ ուսուցիչն ու մասնագետները պետք է կիրառեն համապատասխան մոտեցումներ, ոչ թե բոլորին մեկ սանրով սանրեն: Օրինակ՝ ինչպե՞ս է հնարավոր նույն մեթոդներն օգտագործել և՛ ֆիզիկական, և՛ մտավոր խնդիրներ ունեցող աշակերտների հետ աշխատելիս: Ես քիչ դեպքեր չեմ լսել, երբ մտավոր սահմանափակումներ ունեցող աշակերտի անկանխատեսելի վարքն անհարմար իրավիճակ է ստեղծել թե՛ իր, թե՛ ուսուցչի ու համադասարանցիների մոտ:

Որպես վերջաբան՝ կցանկանայի ներկայացնել իմ հիմնական եզրակացությունները ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ:
Նախ, ինչպես նշեցի, երեխաներին պետք է ընդգրկել կրթական գործընթացներում ըստ նրանց կարիքների և կարողությունների՝ ընտրելով համապատասխան մեթոդը, որտեղ թե՛ հաշմանդամ երեխային, թե՛ նրա համադասարանցիներին չվնասելը և չխանգարելը պետք է սկզբունք լինի:
Երկրորդ՝ անցումը հատուկ դպրոցների մեթոդից դեպի ներառական կրթություն չի կարող կտրուկ լինել, քանի որ ձեռնահաս մասնագետների պատրաստման և համապատասխան պայմանների ապահովման համար բավականին ժամանակ է անհրաժեշտ:
Երրորդ՝ քանի որ ներառական կրթությունը միայն գիտելիք տալու համար չէ, այլ նաև երեխայի ինտեգրման և սոցիալիզացիայի, մեծ ուշադրություն պետք է դարձնել նրա արտադասարանական ակտիվության վրա՝ ստեղծագործական խմբակներում և աշակերտական միջոցառումներում նրան ընդգրկելով, ինչը կաջակցի երեխաների փոխճանաչմանն ու ինտեգրացիային: Այս համատեքստում տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ «ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր ինձ, և ես կհիշեմ, ընդգրկիր ինձ, և ես կսովորեմ»:
Դե, սիրելինե՛րս, մնում է ուղղակի հիշել, որ հաշմանդամները ո՛չ պոզավոր են, ո՛չ պոչավոր, ո՛չ էլ, առավել ևս, անկարողունակ, եթե ոչ շատ դեպքերում գերկարողունակ:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...