Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Գանձերի հետքերով


Ամսաթիվ՝ 30/12/2011 Բաժին՝ Մշակույթ

Մարդկության պատմության լավագույն գանձերը թաքնված են (կամ արդեն անհետացել են) ջրային կամ անտառային ծածկույթներում: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է անփութություն չցուցաբերել և փրկել նախորդ դարերից կամ հազարամյակներից մնացած ու անհետացման եզրին գտնվող գանձերը:
Վերջերս ինձ պատիվ վիճակվեց ուշադրության արժանացնել այդպիսի արժեքներից մեկին: Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ իմ հայրական գյուղի (Արցախի Խնձրիստան) բնակիչներից մեկը ասեց, որ իրենց անտառում մի լքված խաչքարի տեղ գիտի: Այդ ժամանակ որոշեցի անպայման գնալ ու տեսնել, թե ինչ խաչքար է, որ դարի ծնունդ և ինչ վիճակում: Ամառվա ընթացքում մի քանի անգամ պլանավորելով այցելել տվյալ խաչքարի տարածք և բարձրանալ Կաչաղակաբերդի բարձունքը՝ վերջապես սեպտեմբերի 11-ին իրականացրեցինք վաղեմի ցանկությունս:
Այդ օրը Խնձրիստան գյուղից ճանապարհ ընկանք առավոտյան ութին: Չորս երիտասարդներ էինք, այնուհետև կես ճանապարհին մեզ միացավ խաչքարի մասին տեղեկացրած գյուղացին, ով, ինչպես հետագայում պարզվեց, հինգ մատի պես գիտեր անտառն ու մոտակա սարերը: Հենց սկզբից ճանապարհը խոստումնալից էր, և ես շուտով համոզվեցի, որ, իրոք, ինչպես ասում են Արցախում, արցախյան անտառում մարդ սոված չի մնա հատկապես տարվա այդ շրջանում: Ամբողջ ճանապարհին համտեսեցի բազմազան բարիքներ՝ պնդուկ, ընկույզ, մոշ, արջամոշ, հոն, սալոր, տանձ, վայրի խնձորի և շլորի տարբեր տարատեսակներ և այլ բարիքներ, որ չեմ էլ հիշում: Անտառի մեջ խորացող արահետով մեր ընթացքի հետաքրքրության բաղադրատարրերից կարևորագույնը ծանոթությունն էր խորախորհուրդ անտառին, նրա հետ կապված դեպքերին ու դեմքերին: Պարտավորվածության խորը զգացում էր հառնում հոգումս, երբ լսում էի դարերի խորքից եկող սերունդների պայքարի մասին ժողովրդի աղոտ հիշողության մեջ մնացած պատառիկ-պատմությունները:
Ամենևին չզգալով, թե ինչպես սահեց երեք ու կես ժամը՝ հասանք վերոնշյալ խաչքարի տարածք, որտեղ, պարզվեց, ժամանակին գյուղեր են եղել: Այնտեղ դեռևս առկա են հին մատուռի ավերակները, որից որոշ հեռավորության վրա վեր են հառնում մամռապատ ժայռեր, որոնց վրա, ըստ մեր ուղեկցի վկայության, բավականին մեծ ծավալներով պատկերված են սրբապատկերներ: Խաչքարը տապալված էր մատուռի ավերակներից մի քանի մետր հեռու, մեկ անկյունը ջարդված, մամռապատ ու բնության կողմից տարիների «մշակման» արդյունքում բավականին խամրած սրբապատկերով ու գրվածքներով: Մամուռն ու քանդակների մեջ բնավորված հողի շերտերը մաքրելուց հետո եղբայրս կարողացավ հստակորեն կարդալ հատուկենտ տառեր, իսկ մնացածը միայն վերծանման ու մասնագիտական աչքի կարիք ունեին: Այնուամենայնիվ, մի քանի դիրքերից լուսա-վիդեոնկարեցինք խաչքարն ու վրայի գրառումները՝ հույս ունենալով, որ մի օր հմուտ աչքի օգնությամբ կարող ենք վերծանել գոնե խաչքարի ստեղծման տարեթիվը: Կից կարող եք տեսնել այդ լուսանկարները ու տեսանյութը, իսկ եթե որևէ մեկն ի վիճակի եղավ ընթեռնել որոշ հատվածներ, խորապես երախտապարտ կլինեմ: Ի ուրախություն մեզ՝ տեղեկացանք, որ անտառի տարբեր հատվածներում մի քանի այլ խաչքարեր էլ կան, որոնք ավելի լավ են պահպանված:




Այդ օրվա բացահայտումները խաչքարի տարածքով չսահմանափակվեցին: Այդտեղից ճանապարհը շարունակեցինք դեպի Կաչաղակաբերդ: Խորը անտառով, վարազի, գայլի, եղնիկի և այլնի հետքերի հաճախակի հանդիպելով, բավականին երկար մագլցեցինք դեպի բարձունքը: Կաչաղակաբերդը երեք կողմերից եզերված է 50-60 մետր բարձրությամբ ուղղաբերձ բնական պարիսպներով, իսկ մեկ կողմը դժվարանցանելի զառիվեր է, որը պաշտպանված է մարդու կողմից կանգնեցված պարիսպով. Փաստորեն, այն մեր պապերի համար ժամանակին եղել է հուսալի ժայռաբերդ: Իր «Կաչաղակաբերդ» անունը ստացել է Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ, երբ կաղ զորավարի հրոսակները երկար պաշարումից հետո գրավում են բերդը, որտեղ պատսպարված հայերին ժայռից ցած են նետում: Դիակների կույտի վրա հավաքվում են կաչաղակներ, որի արդյունքում էլ այն ստանում է իր «Կաչաղակաբերդ» անվանումը: Այդ այցելության գլխավոր բացահայտումը մեր ուղեկցի կողմից Կաչաղակաբերդի մի մասում գտնվող «Թմփթմփոց» կոչեցյալ տեղանքին էր վերաբերում: Երբ քայլում ես այդ ժայռի վրայով, ոտնաձայներիդ արձագանքները հուշում են ներքևում գտնվող դատարկ տարածության մասին: Ասում են՝ Լենկ-Թեմուրի արշավանքի ժամանակ մեր պապերն իրենց մագաղաթները պահ են տվել հենց այդ անձավում, սակայն մինչ այժմ ոչ ոք անձավի մուտքը չի գտել: Ընդհանրապես այնտեղ մեծաքանակ քարանձավային ապաստարաններ են եղել, բայց այժմ արտաքին հայացքից նրանց հետքերը չեն էլ նկատվում, հավանաբար անտառը դարերի ընթացքում փակել է դրանց մուտքերը: Մեր ուղեկիցը նշեց, որ 15-20 տարի առաջ Ռուսաստանից մի հայ էր ժամանել՝ նպատակ ունենալով գտնել վերոնշյալ մագաղաթները, քանի որ ինչ-որ գրավոր վկայությունների էր հանդիպել, որոնք հաստատում էին Կաչաղակաբերդի անձավներում մագաղաթյա գանձերի առկայության մասին: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով նրանք չեն սկսել որոնումները:

Արցախյան ժայռակերտ բնությունը վայելած ու որոշ չափով գոհ արշավանքի արդյունքներից՝ բռնեցինք տունդարձի ճամփան: Ամբողջ ճանապարհին մտքերս մխրճվել էին ժամանակի, խորախորհուրդ անտառի ու ծերպերի խորքերը: Որք՜ան անգին գանձեր կան, որոնք սպասում են իրենց փրկիչներին: Մի՞թե մեր պապերը հենց այսպիսի օրերի համար չեն խնամքով անթեղել ազգիս շարունակականությունն ապահոված մագաղաթները: Համոզմունք ունենալով, որ մեր սերունդը պարտավոր է լույս աշխարհ հանել մեր ինքնության այդ պատառիկները՝ նպատակ դրեցի այդ ուղղությամբ անձամբ քայլեր կատարել: Ակամա հիշում ես Փոքր Մհերի առասպելը. Անձավներում դարերով փակված գրադարաններն ինչե՞ր են, եթե ոչ Փոքր Մհերներ, որոնք ոչ թե դուրս են գալու, այլ պետք է դուրս հանել նրանց: Իսկ մի՞թե այժմ ցորենի հատիկն ընկույզի չափ չէ, երբ հայրենիքիդ գոնե մի հատվածի տերն ու տիրականը հենց դու ես:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...