Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. «Չեմ բացառում, որ ինձ կտեսնեք Արարատից բարձր գագաթի վրա». Հարցազրույց Yeritasard.am-ին (տեսանյութով)


Ամսաթիվ՝ 01/09/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Տեղադրվել է 29-08-2013 Հարցազրույց Արտակ Բեգլարյանի հետ:
«Ահա եւ Բայազետում ենք ու պատրաստվում ենք վաղն առավոտյան սկսել վերելքը դեպի Արարատի գագաթը: 3-4 օր կապից դուրս կլինենք, քանի որ այստեղ տեղեկացրին, որ Նոյյան տապանում այս քանի օրը Wi Fi չկա»,- Արարատի գագաթ բարձրանալուց առաջ այս գրառումն Արտակ Բեգլարյանն արել էր «Facebook»-ում:
Դեռ փոքր հասակում` Արցախյան ազատամարտի տարիներին, տեսողությունը կորցրած երիտասարդն իրեն ճանաչողներին եւ անծանոթներին պարբերաբար զարմացնում է իր հերթական նախաձեռնությամբ: Ընդամենը օրեր առաջ էլ նա մի խմբի հետ բարձրացավ Արարատի գագաթ, այնտեղ երգեց «Դլե յաման»-ը եւ «Պիտի գնանք»-ը, շրջեց Արեւմտյան Հայաստանում ու վերադարձավ՝ անցնելու իր սովորական աշխատանքին: Նա ԼՂՀ վարչապետի օգնականն է: Հասարակական դաշտում եւս ակտիվ Արտակը ղեկավարում է նաեւ «Կամք» ՀԿ-ն: Երկու տարի առաջ, երբ նա դիմել էր ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոց, նրա դիմումը չընդունեցին՝ պատճառաբանելով կուրության հանգամանքը: Արտակը, սակայն, չհանձնվեց եւ ավելի ուշ՝ այս տարի, գտավ այլ լուծում: Ընդունվեց եւ կես տարի սովորեց ԱՄՆ-ում գործող Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:
Դեպի Արարատի գագաթ կատարած վերելքի մանրամասների, հաջորդ վերելքի, մթության մեջ ընկերներին մատուցած ջենթլմենական ծառայությունների, ինչպես նաեւ նրա քաղաքական ու ոչ քաղաքական ծրագրերի մասին կարող եք կարդալ հարցազրույցում:
- Արտա՛կ, վերջին շրջանում արդեն ոչ ոք չի զարմանում քո քայլերից: Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիր լեռ բարձրանալ: Դա ինքդ քեզ հաղթահարելու փո՞րձ էր, թե՞…
- Երեք հիմնական պատճառ կառանձնացնեի իմ այդ որոշման հիմքում: Նախ՝ Արարատը, ինչպես բոլոր հայերի համար, ինձ համար եւս խորհրդանշական հոգեւոր մեծ նշանակությամբ լեռ է, եւ ես ցանկանում էի լինել նրա գագաթին որպես հայ: Երկրորդ՝ այո՛, իմ բնավորության համաձայն՝ ինձ գերում էր այն գաղափարը, որ ինքս ինձ ձեռնոց եմ նետում եւ պետք է փորձության ենթարկեմ իմ ուժերը այդտեղ, մանավանդ որ լեռնագնացությունը վաղուց էր հետաքրքրում ինձ: Երրորդ՝ ցանկանում էի ապացուցել, որ անկախ ֆիզիկական խնդիրներից եւ ոչ պրոֆեսիոնալ պատրաստվածությունից՝ մարդն ի վիճակի է մագլցել նույնիսկ այդպիսի բարձր գագաթ, որը լայն իմաստով կոտրում է բազմաթիվ կարծրատիպեր թե՛ հենց հաշմանդամների, թե՛ հասարակության ոչ հաշմանդամ հատվածի մոտ՝ երկուսին էլ մղելով կյանքի ճանապարհին ֆիզիկական խնդիրներն անտեսելու եւ հեշտորեն հաղթահարելու համոզվածությանը:
- Մի քիչ պատմի՛ր՝ ի՞նչ խմբով էիք, ի վերջո բոլորը հասա՞ն գագաթ, թե ոչ:
- Խումբը բաղկացած էր 15 հոգուց՝ գումարած «Արեւի տուր» գործակալության ներկայացուցիչն ու քուրդ ուղեկցողները: Ցավոք սրտի, մեզնից երկուսը չկարողացան հասնել գագաթ: Մեկը 64-ամյա մի տղամարդ էր, ով նախկինում սրտի երեք վիրահատություններ էր ունեցել եւ 4500 մետր բարձրության վրա վատ զգալով՝ արդարացիորեն որոշեց ռիսկի չդիմել: Այնուամենայնիվ, նշեմ, որ ի զարմանս շատերի՝ նա երկու տարի առաջ կրկին սրտային խնդիրների պայմաններում արդեն մեկ անգամ հասել էր գագաթ: Երկրորդը մի կին էր, ով որոշ առողջական խնդիրներ ունեցավ եւ վերելքը չշարունակեց շուրջ 4800 մետր բարձրությունից հետո: Թեեւ ցավալի էր տեսնել այդ ժամանակավոր ձախողումները, սակայն համոզված եմ, որ երկուսն էլ «Արարատի գլխին դրոշ պետք է դնեն վաղ թե ուշ»: – Սովորաբար Արարատ բարձրացողները այնտեղ ինչ-որ բան են թողնում իրենցից, գուցե՝ վերադառնալու համար: Դու այդպիսի բան արե՞լ ես: – Գեղեցիկ ավանդույթ է, սակայն ես այնտեղ չթողեցի նյութական ոչինչ, փոխարենը սիրտս ու ձայնս թողեցի, ինչպես նաեւ բերեցի բուռն զգացողություններ, մտքեր, հուշեր, որոնք երբեմն ավելի ուժեղ խթանիչներ են վերադառնալու համար, քան նյութական որեւէ բան:
- Դու սիրում ես ինքդ քո մասին թեթեւ հումորով խոսել: Իսկ արարատյան վերելքիցդ զվարճալի որեւէ բան կհիշե՞ս:
- Բարեբախտաբար, խմբի անդամներն ուրախ եւ աշխույժ մարդիկ էին, եւ մեր ճանապարհը լեցուն էր հումորով ու կատակներով: Թեեւ Ձեր նշած կատակներից քիչ չեն եղել ճանապարհին, սակայն այս պահին հիշում եմ միայն մեկ հատուկ հումոր՝ ուղղված ինքս ինձ. երբ ճամբարներից մեկի ընդհանուր վրանում նստած զրուցում էինք, եւ վերջնականապես մթնեց, խմբի անդամները սկսեցին դժվարություններ ունենալ տարածական կողմնորոշման հետ: Ես էլ, հատկապես մթության պայմաններում լինելով իսկական ջենթլմեն, հայտարարեցի, թե քանի որ մթության մեջ իմ՝ որպես ուղեկցողի պայմաններն ավելի բարենպաստ են, պատրաստ եմ մեծագույն ծառայություններ մատուցել խմբին:
- Դու միշտ ամեն ինչի հասցնում ես մասնակցել: Վերջերս ես վերադարձել Բոստոնից: Ի վերջո, հեշտ չէ Ֆլեթչերի ուսանող դառնալը. ինչպե՞ս հաջողվեց:
- Մեղավորս լրացրել է սովորական դիմումաձեւը ծրագրին մասնակցելու համար, իսկ թե ինչպես հաջողվեց ընդունվել այնտեղ, դա արդեն պետք է ընդունող հանձնաժողովը «գաղտնազերծի», քանի որ ես հստակորեն չգիտեմ նրա որոշման հիմքերը: – Ի՞նչ տվեցին ֆլեթչերյան 6 ամիսները հայ ուսանողին, ով նաեւ պետական պաշտոնյա է: – Տվեցին ե՛ւ գիտակրթական գիտելիքներ ու հմտություններ, ե՛ւ բոստոնյան հետաքրքիր ու բուռն արտահամալսարանական կյանքի փորձառություն, ե՛ւ նորանոր հաճելի ու արժեքավոր հարազատ մարդիկ: Բուն կրթական ծրագրից բավականին գոհ եմ, քանի որ տարբեր առարկաների գծով լայն գիտելիքներ ու հմտություններ եմ ձեռք բերել, որոնք ինձ պետք կգան թե՛ պետական, թե՛ գիտական աշխատանքներում:
- Քեզ համար արդեն ուրվագծե՞լ ես ապագադ քաղաքականության մեջ: Ինչպիսի՞ն է այն:
- Այո՛, ուրվագծել եմ, բայց ոչ կոնկրետ պաշտոններով ու դիրքերով, այլ արդյունավետության աստիճաններով: Պետք է տարեցտարի դառնամ ավելի ու ավելի արդյունավետ գործիչ իմ հասարակության ու ազգի համար՝ անկախ զբաղեցրածս դիրքից: Սակայն նշեմ, որ իմ հետագա ճանապարհը տեսնում եմ գիտական եւ քաղաքական ուղիներով համակցված, որը, համոզված եմ, կնպաստի արդյունավետությանս բարձրացմանը:
- Տեսողությունդ փոքր հասակում ես կորցրել, բայց այսօր դու շատ լիարժեք կյանքով ես ապրում: Դա որոշակի պահի՞ց է սկսվել, երբ ինչ-որ եզրահանգումների ես եկել, թե՞ ի սկզբանե այդպես է եղել:
- Փոքր տարիքից էլ ես դպրոցում համարվում էի ակտիվ աշակերտ՝ աչքի ընկնելով իմ նպատակասլաց, աշխատասեր ու անկախ վարքով, սակայն քանի որ դպրոցս գիշերօթիկ էր, եւ օբյեկտիվ պատճառներով արտաքին աշխարհի հետ շփումս բավականին սահմանափակված էր, լայն հասարակական ակտիվությունս սկսել է այն պահից, երբ ընդունվեցի համալսարան: Այսինքն՝ կարելի է ասել, որ ի սկզբանե այդպես է եղել, սակայն արտաքին միջավայրի պայմանների փոփոխության արդյունքում ակտիվությանս աշխարհագրությունը լայնացել է:
- Գաղտնիք չէ, որ այսօր հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ խուսափում են արտաքին աշխարհի հետ շփումից՝ չկարողանալով հաղթահարել տարբեր վախեր ու բարդույթներ: Ո՞րն է այդ ամենից ազատվելու ճանապարհը:
- Կիսում եմ Ձեր կարծիքը. հասարակություն-հաշմանդամներ կապի խնդիրներն առաջին հերթին գալիս են հենց հաշմանդամներից, թեեւ ընդհանուր առմամբ պատճառահետեւանքային կապը փոխադարձ է: Բնականաբար, այդ վախերի եւ բարդույթների հիմքը ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց անինքնավստահությունն է, իսկ դա վերացնելու համար պետք է վերացնել խնդրի մասին խոսելու կամ ներկայացնելու ներքին տաբուն, որպեսզի թե՛ հասարակությունը, թե՛ հենց խնդիր ունեցող մարդը կարողանա իր հնարավորություններն ավելի լայն պրիզմայով դիտարկել՝ չկաղապարվելով տաբուներով: Որպես մարտավարություն՝ կարող են օգտագործվել բազմաթիվ մեթոդներ, բայց ամենաառանցքայինը պարզ շփումն է լայն շրջանակների հետ՝ իր տարբեր տարատեսակներով՝ ընկերություն, հասարակական աշխատանք, ղեկավարում, նախաձեռնություններ, այլեւայլ խմբային ակտիվություններ եւ այլն: Ինչպես նկատել եք, ես օգտագործում եմ նաեւ հումորի բացառիկ ուժը՝ ինձ հետ հատկապես նոր շփվողների մոտ տաբուները եւ կարծրատիպերը հալեցնելու համար, քանի որ երբ մարդը ծիծաղում է որեւէ երեւույթի վրա, այն այլեւս վերանում է որպես խնդիր:
- Ու քանի որ քեզնից ամեն ինչ սպասում ենք… Ո՞րն է լինելու հաջորդ բարձունքիդ նվաճումը (ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ աշխատանքային իմաստով):
- Ամեն ինչին սպասելու կարիք չկա, այլապես հուսախաբությունն իրեն սպասեցնել չի տա… Սա՝ կիսակատակ: Ֆիզիկական առումով չեմ բացառում, որ երբեւէ ինձ կտեսնեք Արարատից բարձր գագաթի վրա, սակայն այժմ դեռեւս այդպիսի հստակ ծրագրեր չունեմ, քանզի պետք է այս շրջանի ողջ ուշադրությունս սեւեռեմ աշխատանքային եւ կրթական ծրագրերին: Իսկ Արարատը Արարատ է, այլ ոչ թե զուտ լեռ, այդ պատճառով այն բարձրացա արտահերթ կերպով: Հոգեւոր տեսանկյունից յուրաքանչյուր նոր բարձունք (արտահերթ, թե հերթական) միշտ ցանկալի է, սակայն այս պահին կդժվարանամ պլանավորած որեւէ հոգեւոր բարձունք նշել: Իսկ աշխատանքային ծրագրերն այնքան էլ քիչ չեն՝ գիտական-վերլուծականից մինչեւ պետական աշխատանք, սակայն, Ձեր թույլտվությամբ, դրանց վրայից «քողը կբարձրացնեմ» այն ժամանակ, երբ արդեն կոնկրետ արդյունքներ լինեն:
Զրուցեց Ծովինար Կարապետյանը
Աղբյուր՝ eritasard.am

Տեսանյութ՝ Արտակ Բեգլարյանն Արարատի գագաթին երգում է «Դլե յաման»


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...