Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արժանապատվություն. կյանքի նախընտրելի չափանիշ


Ամսաթիվ՝ 16/10/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Հոկտեմբերի 16-ին աշխարհի շուրջ 50 երկրում նշվեց արժանապատվության միջազգային օրը, որի շրջանակներում Global Shapers Yerevan Hub-ը կազմակերպել էր իմ հանդիպումը Երևանի թիվ 51 դպրոցի աշակերտների հետ ներկայացնելու իմ տեսակետները արժանապատվության վերաբերյալ:
Բավականին հետաքրքիր և արդյունավետ հանդիպում/քննարկում էր ինձ համար, որից ես նույնպես ստացա նոր գաղափարներ և լիցք:
Խոսելով որոշ տեսական հարցերի շուրջ՝ ներկայացրեցի նաև մի քանի օրինակներ (այդ թվում և իմ կյանքից): Ելույթիս հիմնական մասը (որոշ լրացումներով և կրճատումներով) տեղադրում եմ ստորև:

«Համոզված եմ, որ արժանապատվությունը տոնական և սովորական օր կամ աշուն և գարուն չի ճանաչում՝ ակնկալելով մեզնից արժանապատիվ ապրել ամենուր և ամեն վայրկյան: Այնուամենայնիվ, հասկանալով և ողջունելով այս պայմանական տոնի խորհուրդը՝ սիրով շնորհավորում եմ բոլորիս՝ մաղթելով, որ ավելի ու ավելի արժանապատիվ կյանքով ապրենք և մեր կողքինների համար ապահովենք արժանապատիվ կյանքի պայմաններ:
Գալով տոնի հիմնական թեմային՝ փորձենք հասկանալ հետևյալ կետերը՝

Ի՞նչ է արժանապատվությունը:
Օքսֆորդի բառարանի սահմանում՝ «պատվի կամ հարգանքի արժանի լինելու կարգավիճակ կամ որակ»: Հետաքրքրական է, որ Օքսֆորդի բառարանի սահմանման խտացումը հայերեն «արժանապատվություն» բառն է, որը ստուգաբանվում է նույն ձևով՝ «արժանի լինել պատվի»:
Արիստոտել՝ «Արժանապատվությունը բաղկացած չէ պատիվների տիրապետումից, այլ այն գիտակցությունից, որ դու արժանի ես դրանց»: Արիստոտելը առարկան սահմանում է միայն տվյալ մարդու ընկալման տեսանկյունից՝ առանց դիտարկելու մարդկային փոխհարաբերությունների և այլոց ընկալման գործոնները:
Ժողովրդական ասացվածք՝ «պատիվը գցել են շանը, շունը չի կերել»: Պատիվն այնպիսի արժեք է, որ նույնիսկ շունը, որն ընկալվում է որպես սրբություն չճանաչող կենդանի, չի դիպչում պատվին:
Ըստ իրավունքի տեսաբանների մեծամասնության՝ մարդու արժանապատվությունը հիմնական իրավունք է, որն ամրագրված է բազմաթիվ սահմանադրություններում: Շատ դեպքերում արժանապատվության իրավունքից էլ բխեցվում են այլ տիպի իրավունքներ:
Արժանապատվությունը սոցիալական երևույթ է, քանի որ մարդը պետք է պատվի արժանանա մի երկրորդ մարդու կամ խմբի կողմից. Հետևաբար, այն պարտադիր կերպով ենթադրում է սոցիալական փոխհարաբերություններ:
Մյուս կողմից, այն առաջին հերթին քո ընկալումն է, որ դու արժանի ես պատվի՝ ելնելով քո վարքից ու արժանիքներից: Սակայն պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել ու ասել, որ հետևաբար սոցիալական միջավայրի կարիքը չկա. Դրա ոչ թե կարիքը, այլ անհրաժեշտությունը կա, քանի որ արժանապատվության զգացողությունն ու չափանիշները ձևավորվում են այլ մարդկանց հետ շփման արդյունքում:
Վերջին պնդման աջակցության համար կարևոր է դիտարկել երկու օրինակ՝
• Ռոբինզոն Կռուզոն թեև բնակվում էր անմարդաբնակ կղզում, սակայն կրում էր արժանապատվության զգացումը, որը շատ դեպքերում թելադրում էր նրա վարքը: Դա այն պատճառով էր, որ նախքան իր այդ մենակյացությունը նա սոցիալական կյանքով էր ապրել, և այլ մարդկանց հետ շփման արդյունքում ձևավորվել էին իր արժանապատվության սահմաններն ու դրսևորման ձևերը:
• Մաունգլիի օրինակում բացակայում էր արժանապատվությունը, քանզի նա ի սկզբանե սոցիալական միջավայրում չի ապրել՝ չկրելով դրա ազդեցությունը

Ինչու՞ է մեզ պետք արժանապատվությունը:
Մարքսն ասում էր, որ ամբողջ մարդկությունն աստիճանաբար հենվելու է փողի վրա՝ որպես կյանքի ունիվերսալ միակ չափանիշ, իսկ ահա ըստ Թոքվիլի՝ կան երկու տիպի չափանիշներ՝ փողը և բարոյականությունը, և ընտրությունը մարդունն է: Արդյո՞ք չենք կարող բարոյականության փոխարեն նշել արժանապատվություն… կարծում եմ՝ Թոքվիլը դեմ չէր լինի, քանզի դա բարոյականության գլխավոր հենասյունն է:
Իսկ ինչու՞ մենք պետք է հենվենք արժանապատվության և ոչ թե փողի վրա, որպեսզի հանճարեղ Մարքսը դագաղում շուռ գա՞: Իհարկե, ոչ. Մենք հարգում ենք Մարքսի նույնիսկ հետմահու արժանապատվությունը. Նա արժանապատիվ հանգստի իրավունք ունի:
Մարքսի տրամաբանությունը հասկանալի է, քանի որ ի տարբերություն արժանապատվության՝ փողը քանակական առումով հեշտ չափելի և շոշափելի է, հետևաբար, ավելի հեշտ է այն չափանիշ դարձնել: Այնուամենայնիվ, «ամենահեշտը ամենալավն է» սկզբունքը չի կարող գործել այս պարագայում, քանզի որակը քանակից գերադասելի է:
Իսկ թե ինչու է մեզ պետք արժանապատվությունը, հարցիս պատասխանը պարզ է՝
քանզի դա է բերում անհատական և սոցիալական ներդաշնակություն,
քանզի որպես ունիվերսալ չափանիշ՝ այն ի վիճակի է ապահովելու սոցիալական խմբի և ազգերի խաղաղ և փոխադարձ հարգանքի վրա հենված գոյակցությունը,
քանզի փոխադարձ արժանապատվության վրա է կառուցված սոցիալական արդարության կմախքը:

Ինչպե՞ս ապահովել անհատական ու խմբային արժանապատվություն
Նախ՝ ինչպես շատ հարցերում, այստեղ ևս կրթական համակարգի դերը ահռելի է: Կրթության միջոցով եկող սերունդներին կարող են մատուցվել համապատասխան արժեքներ և օրինակներ: Այնուամենայնիվ, կյանքը կրթական համակարգով չի ավարտվում. Ընդհանուր սոցիալական միջավայրը կարող է աջակցող կամ շեղող դերակատարում ունենալ կրթական համակարգի մատուցածի նկատմամբ:
Օրինակ՝ եթե մեր կրթությունը և գրականությունը մեզ դաստիարակում են լինել ազնիվ, արդար և արժանապատիվ, ապա ոչ ազնիվ սոցիալական հարաբերությունները, ոչ համապատասխան տնտեսական պայմանները կամ ոչ արդար քաղաքական համակարգը մեզ գործնականում հակառակն են ուսուցանում, իսկ բոլորս էլ գիտենք Ֆրանկլինի ասույթի ճշմարտացիությունը, որը մասնավորապես ասում է՝ «ասա ինձ, և ես կմոռանամ. Սովորեցրու ինձ, և ես կհիշեմ. Ընդգրկիր ինձ, և ես կսովորեմ»: Հետևաբար, եթե կրթությունը մեզ տեսական բարոյականություն է ուսանում, ապա մեր առօրյա կյանքը, որում մենք անմիջականորեն ընդգրկված ենք, շատ դեպքերում ճիշտ հակառակն է թելադրում, որը, Ֆրանկլինի իմաստության տրամաբանությամբ, ավելի ազդեցիկ է, քան ուսուցանված տեսական բարոյականությունը:
Հայկական գրականությունից մի օրինակ. Արժանապատվության վառ մարտիկներից մեկը Սասունցի Դավիթն է, ով խտացնում է մեր ժողովրդի բարոյական ընկալումներն ու իդեալը: Ինչպե՞ս է նա վարվում թշնամական զորքի հետ. Ասում է՝ «ով քնած է, արթուն կացե՛ք…»՝ զգուշացնելով իր հարձակման մասին: Մյուս կողմից նա դաժանորեն հալածում է իր ժողովրդի կեղեքողներին՝ չոտնահարելով նույնիսկ այդ կեղեքողների արժանապատվությունը: Իսկ դրան հակառակ մենք արդի կյանքում տեսնում ենք «ռացիոնալ ակտորի» վարքը, որը տնտեսագիտությունից և մարկետինգից ներխուժել է մեր կյանքի բոլոր անկյունները և դարձել հիմնաքարային սկզբունքներից մեկը մարդկային փոխհարաբերության մեջ: Հայտնի է, որ այն ենթադրում է, որ մարդը ռացիոնալ ակտոր է և իր որոշումները կայացնում է զուտ հաշվարկի վրա հենվելով, որի գլխավոր չափանիշը, ինչպես Մարքսը գուժել էր, քանակական և շոշափելի շահն է: Ինչու՞ ես պետք է օգնեմ որևէ մեկին՝ թաքույց կամ անթաքույց կերպով ակնկալելով, որ մեկ օր պատասխան օգնություն կստանամ: Արդյո՞ք իմ հոգեկան բավարարվածությունը համարժեք փոխհատուցում չէ դրա դիմաց…
• Այնպես որ պետք է կենդանի և հաջողված օրինակներ ցույց տալ,
• Ընդգրկել արժանապատիվ գործերում,
• սոցիալական միջավայրում խրախուսող պայմաններ ստեղծել»:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...